22.09.2017 11:00

Ինչո՞ւ է Մադրիդի «Ռեալը» զիջում «Բարսելոնային»

Ինչո՞ւ է Մադրիդի «Ռեալը» զիջում «Բարսելոնային»

Իսպանական Marca պարբերականն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» վերջին մրցելույթներին և առանձնացրել այն կետերը, որոնց պատճառով Զինեդին Զիդանի գլխավորած թիմի համար մրցաշրջանի մեկնարկն այնքան էլ լավ չի դասավորվում:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կայացել է 5 տուր, բայց Մադրիդի «Ռեալն» արդեն 7 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»: Դեռ մեկ ամիս առաջ մադրիդցիներից նման մեկնարկ ոչ ոք չէր սպասում:

Գոլային պահերը

Փաստը, որ ընթացիկ առաջնության մեկնարկային 5 տուրից հետո միայն Լիոնել Մեսսին խփել է այնքան գոլ, որքան ողջ Մադրիդը, ցույց է տալիս, որ ինչ-որ բան այն չէ Սերուցքայինների ճամբարում: Մադրիդի «Ռեալը» մոտ էր բրազիլական «Սանտոսի» պատմական ռեկորդը թարմացնելուն, սակայն «Բետիսի» հետ խաղում չկարողացան աչքի ընկնել՝ չնայած դարպասին կատարած 27 հարվածին, չնայած Ռոնալդուի խաղադաշտում լինելու գործոնին: Ավելին, թիմը խաղի ավարտից րոպեներ առաջ գոլ բաց թողեց ու պարտվեց:

«Սանտիագո Բեռնաբեուի» ճնշումը

Իսկոն խաղից հետո նշեց, որ եթե «Ռեալ Մադրիդը» չի խփում արագ գոլ «Բեռնաբեուում», ապա խնդիրը կրկնակի բարդանում է: Ճնշումը, որը Զինեդին Զիդանի սաները զգում էին սեփական երկրպագուների կողմից, ինչպես նաև մրցակիցների կողմից ներկայիս Մադրիդին կանգնեցնելու անհագ ցանկությունը, խանգարեցին Սերուցքայիններին արդյունավետ խաղ ցուցադրել սեփական հարկի տակ: Նյարդային մթնոլորտը տրիբունաներից տեղափոխվեց խաղադաշտ:

Զիդանի որոշումը

Զիդանը 1,5 տարվա ընթացքում նվաճել է 7 տիտղոս: Ասել է, թե այս ընթացքում կայացրել է որոշումներ, որոնք օգնել են թիմին լավ արդյունքներ ցույց տալ: Ֆրանսիացին վստահ է իր որոշումների մեջ ու դրանք կասկածի տակ դնելու պատճառ չունի: Այդուամենայնիվ թիմի արդյունքների համար թիվ մեկ պատասխանատուն շարունակում է նա մնալ ու ճիշտ են այն պնդումները, որ վերջին շրջանում նրա կողմից կայացրած մի շարք որոշումներ միավորներ արժեցան: Նախ Իսկոյին փոխարինեց Ասենսիոյով, մինչդեռ մադրիդցիների «22» համարը գնալով խաղի մեջ էր մտնում ու հիմնականում նրանով էին գրոհները զարգանում: Ամենաանհասկանալի քայլը դա խաղի ավարտից 20 րոպե առաջ Լուկա Մոդրիչին փոխարինելն էր:

Մրցավարություն

«Բեռնաբեուում» հավաքաված ֆուտբոլասերները հաճախ էին սուլում մրցավարին՝ կապված Ռոնալդուին հինգ խաղով որակազրկելու հետ: Այդ ամենը հանգեցրեց ավելորդ լարվածության ու ամեն անգամ դա կրկնվում էր, երբ «Բետիսի» դարպասապահ Անտոնիո Ադանը փորձում էր ժամանակ շահել:

Վնասվածքներ

Մադրիդի «Ռեալի» 6 ֆուտբոլիստ տարբեր վնասվածքներ ունեն: Վերջինը, ով դուրս է մնացել շարքից Մարսելոն է: Բացի նրանից թիմին չենկարող օգնել Տեո Էրնանդեսը, Բենզեման, Կովաչիչը, Վալյեխոն ու Վարանը:

Սուպերգավաթի խաղարկությունից հետո

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում «Բարսելոնային» ընդհանուր 5:1 հաշվով հաղթելուց հետո Մադրիդի «Ռեալը» մի փոքր հանգստացել է: Մի շարք խաղացողներ չեն խաղում այնպես, ինչպես նրանցից սպասում էին դեռ մեկ ամիս առաջ:

Բաց թողած գոլերը

Կայացած 5 տուրում Մադրիդը 5 գոլ է բաց թողել և սա խնդիր է: