22.09.2017 14:50

«Գրին փիսի» ակտիվիստները հարձակվել են դիզելային մեքենաներ տեղափոխող նավի վրա

«Գրին փիսի» ակտիվիստները հարձակվել են դիզելային մեքենաներ տեղափոխող նավի վրա

Բնապահպանական «Գրինփիս» կազմակերպության ակտիվիստները բարձրացել են բեռնատար նավի վրա՝ փորձելով խոչընդոտել դիզելային շարժիչներով Volkswagen ավտոմեքենաների տեղափոխումը Բրիտանիա, հայտնում է BBC-ն:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն լքի նավը, քանի դեռ ավտոմեքենաները հետ՝ Գերմանիա չեն տարվել:

Կազմակերպությունը տեղեկացնում է, որ 25 ակտիվիստները նավի վրա են հայտնվել Քենթի կոմսության Շիրնես քաղաքի նավահանգստում եւ կախվել են 27 մետր բարձրությամբ բեռնաթափման դռների վրա:

Մոտավորապես նույն ժամանակ տասնյակ այլ ակտիվիստներ ներթափանցել են նավահանգստի տարածքում գտնվող կայանատեղի, որտեղ կայանված էին մի քանի հազար Volkswagen դիզելային մեքենաներ: Ցուցարարները հանել են մեքենաների բանալիները եւ դրանց վրա պաստառներ են փակցրել՝ կոչ անելով հրաժարվել դիզելից:

Ակտիվիստները պնդում են, որ դիզելային շարժիչները հատկապես թունավոր են շրջակա  միջավայրի համար: Մինչդեռ ընկերության ներկայացուցիչը նշել է, որ Volkswagen-ի մեքենաները համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: