23.09.2017 13:00

«Ալավես»-«Ռեալ». Խաղից առաջ

«Ալավես»-«Ռեալ». Խաղից առաջ

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում այսօր «Ռեալը» հյուր կգնա  «Ալավեսին»:  Խաղի կմեկնարկի ժամը 18:15-ին:

Անցած մրցաշրջանը ավելի քան հաջող դասավորվեց  «Ալավեսի» համար: Մաուրիսո Պելեգրինոյի ղեկավարությամբ, թիմը բոլոր կանխատեսումներին հակառակ,  չպայքարեց առաջնությունում իր տեղը պահպանելու համար: Ընդհակառակը, առաջնությունն ավարտեց մրցաշարային աղյուսակի վերին հատվածում՝ 9-րդ տեղում: Բացի դրանից,  բասկերը կարողացան հասնել Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարզապես չկարողացան պայքարել իրենցից մի քանի անգամ կարգով բարձր թիմի՝ «Բարսելոնայի» դեմ:

Սակայն, մինչմրցաշրջանային հատվածը և նոր մրցաշրջանի մեկնարկը հիասթափեցնող էր թիմի երկրպագուների համար: Պելեգրինոն գնաց գլխավորելու «Սաուտհեմփթոնը», իսկ նոր մարզչի՝ Լուիս Սուբելդինի ղեկավարությամբ «Ալավեսը» 4 ստուգողական հանդիպումներից միայն 2-ում հաղթեց: Իսկական խնդիրները ծագեցին Պրիմերայի մեկնակի հետ միաժամանակ: «Ալավեսը» պարտվեց բոլոր 5 հանդիպումներում (խփած և ընդունած գոլերի քանակը 0-8 է): Պատահական չէ, որ շուտով թիմի նոր մարզիչը կորցրեց իր աշխատանքը՝ տեղը զիջելով Խավիեր Կաբելյոյին:

«Ռեալի» երկրպագուները հավերժ կհիշեն անցած տարվա գարունն ու ամառը: Նրանց սիրելի թիմը նվաճեց Չեմպիոնների լիգայի՝ իր12-րդ տիտղոսը՝ բարելավելով սեփական ռեկորդը: 5 տարի անց Իսպանիայի չեմպիոնական գավաթը վերադարձավ Մադրիդ:  Մինչմրցաշրջանային ժամանակահատվածում թիմը ոչ միայն չկորցրեց իր հիմնական խաղացողներին, այլև կազմն ուժեղացրց խոստումնալից նորեկներով՝  Թեո էռնանդեսով և Դանի Սեբոլոսով, ինչպես նաև վերադարձրեց իր սեփական դպրոցի սաներին՝ Խեսուս Վալխոյին, Բորխա Մայորալին և Մարկոս Լյորենտեին: Արդեն օգոստոսին թիմի տիտղոսների թանգարանը համալրվեց ևս 2 նվաճումով՝  ՈՒԵՖԱ-ի և Իսպանիայի սուպերգավաթներով: Իհարկե, վիճակագրությամբ «Ռեալի» համար «Ալավեսը» մրցակից չի կարող համարվել:

Միմյանց միջև անցկացրած վերջին 14 խաղում մադրիդցիները հաղթել են 11 անգամ, ընդ որում՝ բասկերը, միջին հաշվով, յուրաքանչյուր խաղում իրենց դարպասը 3 գնդակ են ընդունել: Այս խաղում սերուցքայիններին հաղթանակը պարզապես անհրաժեշտ է, այլապես «Բարսելոնայից» հեռավորությունն ավելի կմեծանա և կհասանի 9-10 միավորի: Հազիվ թե մադրիդցիները իրենց համար նման իրավիճակ ստեղծեն, մանավանդ, որ հակառակորդը այս մրցաշրջանում իր խաղը չի գտնում: Ռեալի կազմում  չեն խաղա Մարսելոն, Կովաչիչը, Բենզեման և Թեո Էռնանդեսը: