23.09.2017 11:21

Թրամփը և Կիմ Չեն Ինը «հաճոյախոսություններ» են փոխանակում

Թրամփը և Կիմ Չեն Ինը «հաճոյախոսություններ» են փոխանակում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին անվանել է խելագար, որի հոգը չէ սեփական ժողովրդի տառապանքը:

Դրանից առաջ ԿԺԴՀ առաջնորդը պետական հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թրամփի ելույթը «շիզոֆրենիկ նոպայի» էր նման: «Ամերիկացի խելագար ծերուկին, հավանաբար, անհապաղ սանձահարեմ կրակով»,- ասել էր Կիմը:

«Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Ինին, որն ակնհայտորեն խելագար է և չի ամաչում սովի մատնել ու ոչնչացնել սեփական ժողովրդին, այնպիսի փորձություն է սպասվում, ինչը դեռ չի եղել»,- գրել է Թրամփը Twitter-ում՝ ի պատասխան նրա մեկնաբանությունների:

Երկու առաջնորդների փոխադարձ «հաճոյախոսություններն» արդեն գրավել են Չինաստանի ուշադրությունը. ՉԺՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը բոլոր կողմերին կոչ է արել «զսպվածություն դրսևորել, այլ ոչ թե սադրել միմյանց»:

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարել է, որ Մոսկվան «խորապես մտահոգված է իրավիճակի սրման կապակցությամբ Կորեական թերակղզում»: Ավելի վաղ ԿԺԴՀ առաջնորդի կտրուկ հայտարարությունը դատապարտել են նաև Ճապոնիայի իշխանությունները:

Փոխանցում է BBC-ն: