23.09.2017 11:52

Քրդական անկախություն՝ արդյո՞ք ԵՄ-ն շահագրգռված է դրանով

Քրդական անկախություն՝ արդյո՞ք ԵՄ-ն շահագրգռված է դրանով

Եվրամիությունը կոչ է արել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին անկախության հանրաքվե չանցկացնել՝ հիշեցնելով, որ ինքը հավատարիմ է Իրաքի միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Քուրդ պատմաբան Էբուբեքիր Իսիկը, որ Ստամբուլից տեղափոխվել է Բրյուսել, և որի ազգականներն ապրում են Թուրքական Քուրդիստանում, այն կարծիքին է, որ քրդերն այժմ շատ ավելի մոտ են եվրոպացիներին, քան Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդները: «Առաջիկա 4-5 տարում մենք կարող ենք տեսնել անկախ քրդական պետություն, որը համեմատաբար ավելի ժողովրդավարական և ավելի աշխարհիկ կլինի: Նա տարածաշրջանում կլինի ԱՄՆ-ի և Եվրոպայի հուսալի դաշնակիցը»,- ասել է քուրդ պատմաբանը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին սեպտեմբերի 25-ին նշանակված հանրաքվեն անվանել է «միակողմանի և անարդյունավետ ակցիա», սակայն Բրյուսելը համարում է, որ Իրաքյան Քուրդիստանն իր դաշնակիցն է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Քարնեգի հիմնադրամի աշխատակցի կարծիքով՝ իրաքյան քրդերը Արևմուտքից պատասխան քայլեր են ակնկալում իրենց հանդեպ: «Նրանք կարծում են, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որին հարել է գրեթե ողջ Եվրոպան, պարտք է իրենց: Նրանք չեն ակնկալում Եվրոպայի ակտիվ աջակցությունն իրենց անկախությանը, ավելի շուտ՝ դիվանագիտական աջակցությունը՝ լուծում գտնելու համար»,- նշել է քաղաքագետը:

Փոխանցում է euronews-ը: