23.09.2017 15:02

Օժանդակ ուժեր են ժամանել Կատալոնիա

Օժանդակ ուժեր են ժամանել Կատալոնիա

Անկախության հանրաքվեի նախօրեին Իսպանիայի իշխանություններն ուժեղացնում են անվտանգության միջոցառումները Կատալոնիայում: Կատալոնիա են ուղարկվել ավելի քան հինգ հազար իրավապահներ, որոնք, տեղ չլինելու պատճառով, տեղակայվել են Բարսելոնայի նավահանգստում երեք լաստանավերի վրա:

Իսպանիայի գլխավոր դատախազությունը ապստամբության դրդելու մեղադրանք է ներկայացրել անջատական կազմակերպությունների առաջնորդներին:

Ավելի վաղ հազարավոր մարդիկ են մասնակցել բողոքի ակցիաներին՝ ընդդեմ հանրաքվեի արգելքի: Բարսելոնայի փողոցներ են դուրս եկել ուսանողները՝ «ցույց տալու Իսպանիայի իշխանություններին, որ մենք պատրաստ ենք քվեարկելու և իշխանություններին թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները», հայտարարել են նրանք:

Օրերս Քաղաքացիական գվարդիան, որ ենթակա է Մադրիդում կենտրոնական իշխանությանը, առգրավել էր մի քանի միլիոն քվեաթերթիկ և ձերբակալել տասից ավելի կատալոնացի պաշտոնյաjի: Դատարանը ուրբաթ օրը ազատ է արձակել նրանցից վեցին՝ պարտավորեցնելով անհրաժեշտության դեպքում ներկայանալ առաջին իսկ պահանջով: Նրանց թվում է Կատալոնիայի կառավարությունում էկոնոմիկայի վարչության ղեկավար Ժոզեպ  Մարիա Ժովեն, որին կառավարությունը նույն օրը պաշտոնանկ է արել, որպեսզի պաշտպանի Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից նրա նկատմամբ սահմանված տուգանքից: Ժովեին պարտավորեցրել են օրական 12 հազար եվրո վճարել, իսկ տարածքային վարչական նահանգի 15 անդամների՝ 6 հազարական եվրո՝ որպես տուգանք, այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դադարեցրել հանրաքվեի կազմակերպման աշխատանքները:

Կատալոնիայի կառավարությունը հայտարարում է, որ չնայած կենտրոնական իշխանության արգելքին՝ հանրաքվեն, այնուամենայնիվ, կկայանա:

Փոխանցում է euronews-ը: