27.09.2017 10:29

Ամերիկացի դիվանագետը Մեղրիի տարբերակի մասին

Ամերիկացի դիվանագետը Մեղրիի տարբերակի մասին

2016թ. Խաղաղության միջագային ինստիտուտը հրապարակել է Ֆիլիպ Ռեմլերի «Կովկասին շղթայված. Խաղաղարար գործընթացը Լեռնային Ղարաբաղում 1987-2012թթ» (Chained to the Caucasus: Peacemaking in Karabakh 1987-2012) աշխատությունը: Ֆիլիպ Ռեմլերը պաշտոնաթող ամերիկյան դիվանագետ է, որը Պետդեպարտամենտում երկարատև աշխատանքի տարիներին դիվանագիտական ծառայության է եղել ԵԱՀԿ-ում, Մոսկվայում, Անկարայում, Բաքվում, Գրոզնիում, Թբիլիսիում, Քիշնևում և այլ մայրաքաղաքներում ու տարածաշրջաններում: Ռեմլերը նաև գործուն մասնակցություն է ունեցել Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ դիվանագիտական գործունեության մեջ:

Գրքում Ռեմլերը ներկայացնում է ղարաբաղյան կարգավորման պատմությունը, առանցքային պահերը ու այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք հաճախ մնացել են հանրության տեսադաշտից դուրս:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի Մեղրիի փոխանակման ծրագրի վերաբերյալ Ռեմլերի ներկայացրած փաստերը: Ձեզ ենք ներկայացնում գրքի մի հատվածի թարգմանությունը: Գիրքն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ:

ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՆՈՐ ՊԼԱՆ ԵՆ ՄՇԱԿՈՒՄ

Բայց և Քոչարյանը, և Ալիևը համարում էին, որ կան ավելի նախընտրելի տարբերակներ, քան ստատուս քվոն: Մինչ այդ նրանք հանդիպել էին մեկ անգամ` 1993թ. սեպտեմբերին: Երկրորդ անգամ նրանք հանդիպեցին 1999թ. ապրիլի 26-ին, Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ-ի 50 ամյակի միջոցառումների շրջանակում: Բացի այն, որ երկու պետություններից և ոչ մեկը մտադրություն չուներ ՆԱՏՕ-ին անդամակցելու, անհարմար էր նաև հանդիպման օրը: Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Դրան գումարած, Ալիևի առաղջական վիճակը բարվոք չէր, և նա Վաշինգտոնից մեկնելու էր Քլիվլենդ` սրտի վիրահատության, ինչը և տեղի ունեցավ երեք օր անց: Այդուհանդերձ, այդ հանդիպումը խթան դարձավ առաջիկա մյուս դեմ առ դեմ հանդիպումների: Առաջին երկուսը տեղի ունեցան Ժնևում, մեկը հուլիսին, որը չէր հրապարակայնացվել, և հանրությունը դրա մասին տեղեկացավ միայն այն բանից հետո, երբ Ալիևը դրա մասին բարձրաձայնեց օգոստոսի 22-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպման ավարտին արած հայտարարության մեջ: Երրորդ հանդիպումը տեղի ունեցավ  սեպտեմբերի 10-ին Յալթայում տեղի ունեցած Սևծովյան համագործակցության երկրների գագաթաժողովի շրջանակներում: Իսկ չորրորդ հանդիպումը կայացավ հոկտեմբերի 11-ին Սադարակ գյուղում, որտեղ հատվում են Հայաստանի, Թուրքիայի և անկլավային Նախիջևանի սահմանները: 

Հարկ է նշել այն հանգամանքը, որ բանակցությունները շատ ինտենսիվ էին: Բացի նրանից որ Քոչարյանն ու Ալիևը գաղտնի էին պահել բանակցությունների բովանդակությունը համանախագահող երկրներից, նրանք նաև այն թաքցրել էին իրենց ԱԳ նախարարներից, որոնք շարունակում էին հանդիպել և քննարկել (ապարդյուն) Մինսկի խմբի առաջարկները. Քոչարյանն ու Ալիևն արդյունքում մշակեցին բոլորովին նոր լուծում, որն ամբողջությամբ տարբեր էր ԵԱՀԿ նախկինում մշակած բոլոր առաջարկներից: Լուրջ փոխզիջումներ՝ հիմնված լայն տարածքային փոխանակման վրա. Հայաստանը ստանում էր անբողջական տիրապետություն Ղարաբաղի վրա, ներառյալ Լաչինի միջանցքը, որի դիմաց Արդբեջանի ամբողջական տիրապետության տակ էր անցնում Հայաստանի ամենահարավային շրջանը` Մեղրին, որը Հայաստանին կապում է Իրանի հետ, և որը պետք է դառնար կապող միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև:

Սադարակում կայացած չորրորդ հանդիպումից հետո Ալիևն ու Քոչարյանը նախաձեռնեցին ասուլիս, որտեղ երկուսն էլ ակնարկեցին, որ բավականին մոտ են լուծմանը: ...

... Տարածքների փոխանակման ծրագրի աշխարհաքաղաքական հնարավոր հետևանքներն ահռելի էին: Մեղրին ոչ միայն ընկած է Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նաև ձևավորում է Հայաստանի ընդհանուր սահմանն Իրանի հետ: Սահման, որը ծրագրի իրականացման պարագայում Հայաստանը կորցնելու էր: Բացի այդ, Մեղրիում էր տեղակայված նաև 2000-անոց ռուսական զորամիավորումը, որը Հայաստանին օգնում էր իրականացնել սահմանապահ առաքելություն Իրանի հետ սահմանին (իսկ 1992թ. ռուս-ադրբեջանական համաձայնագրով ռուսական զորքերը դուրս էին եկել Ադրբեջանի տարածքից): Սրանից բացի, վերանում էր նաև Ղարաբաղ-Իրան դե ֆակտո գոյություն ունեցող սահմանը: Տարածքների փոխանակումը ոչ միայն ձևավորում էր տարածքային առումով ամփոփ և ամբողջական Հայաստան և Ադրբեջան, նաև փոխում էր Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական կողմնորոշման սլաքը դեպի Արևելք-Արևմուտք:

Ինչպես շատ այլ սահմանակից շրջաններ, հայ-իրանական սահմանային շրջանը մաքսանենգ հարստության աղբյուր էր: Այս ծրագիրն իրականացնելու համար Քոչարյանը ստիպված էր փոխհատուցել բոլոր նրանց, ովքեր եկամտի կորուստ էին ունենալու, լինեին դրանք օրինական, թե ոչ: Սահմանի ամենաառաջնային շահառուներից մեկը Վազգեն Սարգսյանն էր՝ ազդեցիկ պաշտպանության նախարարը, որի ճամբարափոխությունն առանցքային էր Տեր-Պետրոսյանի հեռանալու և Քոչարյանի իշխանության գալու հարցում...

 ...Հունիսի 11-ին, գաղտնի դեմ առ դեմ առաջին հանդիպումից առաջ Քոչարյանը Վազգեն Սարգսյանին նշանակեց վարչապետ, ըստ էության հետևելով «Կնքահայրը» ֆիլմի հայտնի խոսքին. ընկերներիդ մոտիկ պահիր, իսկ թշնամիներիդ` ավելի մոտիկ:

Ղեկավարների միջև համաձայնություններ ձեռք բերելու ռուսական և հետսովետական ավանդույթներին համահունչ` Քոչարյան-Ալիև համաձայնությունը բանավոր էր և պարունակում էր նվազագույն մանրամասնություններ: Իսկ մանրամասնելու բան շատ կար, որը նոր միայն հնարավորություն կտար ծրագիրը դարձնել ստորագրման պատրաստ փաստաթուղթ: Օրինակ, ի՞նչ էր լինելու Քելբաջարի հետ, որը գտնվում էր Լաչինի հյուսիսում` Հայաստանի և Ղարաբաղի միջև: Հայերը նվաճել էին Քելբաջարը դեռ 1993թ. ապրիլին և տեղի ադրբեջանական ու քրդական բնակչությունը դուրս էր եկել այդտեղից: Հյուսիսից պատված լինելով բարձր լեռներով՝ Քելբաջարն, ըստ էության, անմատչելի էր լինելու Ադրբեջանին, էլ չասած՝ Լաչինին (հայերն արդեն բնակեցնում էին Լաչինը): Ի՞նչ էր լինելու Հայաստանի Իրան մուտք գործելու հնարավորության հետ: Ի՞նչ ճակատագիր էր ունենալու Մեղրիում տեղակայված ռուսական զորամիավորումը, ինչպես նաև գայթակղիչ սահմանային առևտուրը և իրանահայերի հնարավոր ճամփորդությունը դեպի հայրենիք:

Այս հարցերից շատերը դեռ լուծում չէին ստացել Սադարակի հանդիպմանը: Ալիևն իր մոտ հրավիրեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սթենլի Էսկուդերոյին և բացահայտեց իր և Քոչարյանի համատեղ մշակած ծրագիրը: Սա նորություն էր Միացյալ Նահանգների համար, որի համանախագահը մյուս համանախագահների հետ միասին մի քանի օր առաջ` հոկտեմբերի 7-ին,  հանդիպել էր ԵԱՀԿ նորվեգացի նախագահողին Օսլոյում, և որտեղ ոչ մի պատվիրակություն տեղյակ չէր եղել նման ծրագրի առկայության մասին: Ալիևը խնդրեց դեսպանին Մինսկի խմբի անունից այդ բանավոր համաձայնության հիման վրա պատրաստել գրավոր նախագիծ, որն ավարտուն տեսքի կբերեն ինքը և Քոչարյանը: Նա խնդրեց, որ դա արվի անհապաղ: Պարզ չէր, թե Քոչարյանը կամ Ալիևը ինչ էին տեղեկացրել ռուսներին այս ծրագրի մասին, բայց հավանական է՝ նրանք գիտեին, որ ինչ-որ բան ձեռնարկվում է: Շնորհիվ սադարակյան ասուլիսի՝ դրա մասին արդեն գլխի էին ընկնում նաև երկու երկրների ժողովուրդները: ...

... Չնայած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ և Մինսկի խմբի համանախագահող Սթրոբ Թելբոթը դիտարկում էր Մինսկի գործընթացը` որպես հնարավորություն համագործակցելու Ռուսաստանի հետ, ամերիկյան կողմը, խախտելով նախադեպը, տեղյակ չպահեց համանախագահողներին: Գործելով միակողմանիորեն, ամերիկյան կողմը շտապ սկսեց գրավոր փաստաթղթի պատրաստումը: Սա դեռ չավարտած` Թելբոթը և ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն մեկնեցին Բաքու (հոկտեմբերի 26-ին) և Երևան (հոկտեմբերի 27-ին)` փորձելով վերամշակել Քոչարյան-Ալիև համաձայնությունը: Այդուհանդերձ, Թելբոթը ստիպված էր արագ մեկնել Թբիլիսի հոկտեմբերի 27-ին` զբաղվելու մեկ այլ ճգնաժամով: Մեկնելով Երևանից` ամերիկացիները համոզված էին, որ հակամարտության կարգավորումը վերջապես շատ մոտ է:

Մինչ Թելբոթի ինքնաթիռը դեռ օդում էր, Սադարակի հանդիպումից 16 օր անց, Նաիրի Հունանյան անունով մեկը` չորս ուղեկցողների հետ միասին զինված ներխուժեց Հայաստանի խորհրդարան և սպանեց 8 պաշտոնյայի, նրանց թվում` վարչապետ Վազգեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին: