27.09.2017 11:02

Երեկ. Օր էր, մթնեց, անց կացավ

Երեկ. Օր էր, մթնեց, անց կացավ

Լույսը դեռ չբացված հարայ տվեցին, որ մթության քողի տակ մեկին թագազրկել են։ Չհասցրինք ուրախանալ։ Պարզվեց՝ թագազրկվողն իմ ու ձեր ցանկացած մարդը չէ, ընդամենը Հայաստանի նոփ-նոր գեղեցկուհի հռչակված մի տասնյոթամյա աղջնակ է։ Թագազրկողն էլ Արտյոմը չէր, Արտյոմսն էր։

Հետո, իհարկե, օրը բացվեց, եւ հուսավառվեցինք ահագին, երբ Արցախի ԱԳ նախարարի տեղակալ, ոչ պակաս գեղեցիկ Արմինե Ալեքսանյանը հավաստիացրեց, որ իրենց կողմերում դիկտատուրա չկա։ Կարդացինք, հավատացինք, աշխարհով մեկ եղանք, փորձեցինք մոռանալ, որ հենց այս նույն կողմերում, այդ նույն ժողովրդավար նախագահի օրոք Հայաստան-Արցախ «սահմանի» ուղիղ շեմին ծեծուջարդով ետ քշեցին Հայաստանի քաղաքացիներին։ Չստացվեց մոռանալ, բայց հնար գտանք անհարմար վիճակից դուրս գալու. մտածեցինք՝ դե, երեւի ծեծեցին ու քշեցին, որ հանկարծ հետները թաքուն-թաքուն դիկտատուրա չտանեն ժողովրդավարական Արցախ։

Շիրակի պետական համալսարանում դասադուլ էր։ Ուսանողները սպասում էին, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կսլանա Գյումրի՝ ուսանողների պահանջները լսելու, սոցցանցերն էլ հաստատում էին, որ սլանալու է։ Չգիտեմ, միամիտ են այդքան, թե միամիտ էին ձեւանում։ Թե ոնց էին պատկերացնում, որ հայոց դպրոցներում ռուսաց լեզվի մակարդակը բարձրացնելու վշտով տապակվող այս պարոնը կհրաժարվի Ռուսաստանից ժամանած իր գործընկերուհու «կուլտմասսավիկը» լինելու բարեբախտությունից եւ կգնա ինչ-որ հայկական համալսարանի ինչ-որ հայերեն խոսող ուսանողների բողոքները լսելու, իրենք կիմանան։

Աշոցքում երեք «հայու գենով» մարդ մտել են խանութ, գարեջուր են լցրել վաճառողի գլխին։ Ուզում եմ ասել՝ երեկ ահագին խաղաղ օր էր Հայաստանում։ Մայրաքաղաքի կենտրոններում իրար վրա չեն կրակել, իրար չեն սպանել, ուշագնացության աստիճան չեն ծեծել, ընդամենը գարեջրով լողացրել են։

Ինքնասպանություն նույնպես չի եղել, եղած-չեղածն ինքնասպանության փորձ էր, փորձ էլ մնաց։

Դե, վթարներն ու հրդեհներն արդեն պարտադիր ծրագրի մեջ կան, մի տեղ՝ լույս չկար, մի տեղ՝ ջուր չկար, լիքը տեղերում էլ ոնց որ միշտ՝ հույս չկար։

Բայց ապահով Հայաստանը կա ու կա։

Միացրեք հայկական հեռուստաալիքները, իրենք ամեն օր պատմում են ապահով Հայաստանի մասին։

Հարսանեկան արարողության ժամանակ լուսանկարվելու պահին փեսան նկատել է, որ մի մանչուկ խեղդվում է գետում եւ անմիջապես նետվել է երեխային փրկելու։ Ու փրկել է։ Դեպքը տեղի է ունեցել Կանադայում։ Կասեք, բայց դա ինչ կապ ունի Հայաստանի ու հայերիս հետ։ Ոչ մի կապ։ Պարզապես ուզում էի մի գեղեցիկ պատմությամբ ավարտել երեկվա օրը։

Լիզա Ճաղարյան