28.09.2017 12:30

Գեւորգ Նալբանդյան. Իմիտացիայի իմիտացիա

Գեւորգ Նալբանդյան.  Իմիտացիայի իմիտացիա

Նյու Յորքում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել: Դրանից հասկացվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում է նախապատրաստվում: Ինքնին դա ոչինչ չի նշանակում, հնարավոր է, որ վերջին պահին ոչինչ չստացվի: Զարմանալին մեր իշխանամերձ լրատվամիջոցների եւ փորձագետների մոտեցումն է, երբ ամեն ինչ հանգեցնում են նրան, որ «բանակցություններ չեն կարող սկսվել, ավելի շուտ՝ տեղի կունենա իմիտացիա, որը միջնաժամկետ հեռանկարում լայնածավալ պատերազմը կանխելու նպատակ ունի»:

Դժվար չէ հասկանալ, որ դա արվում է, որպեսզի ցրվի Ադրբեջանի հետ որոշ տարածքներ վերադարձնելու շուրջ բանակցելու մասին Էդվարդ Նալբանդյանի հայտարարության տպավորությունը: Այսինքն, այդ ամբողջ քարոզչությունը մի նպատակ է հետապնդում՝ հասարակությանը ներշնչել, որ Ղարաբաղի բուն խնդիրը բանակցությունների առարկա չէ, միջնորդները «ոչինչ չեն պարտադրում»: Ասել է թե՝ Հայաստանը դեռեւս շարունակում է մնալ երկու տասնամյակի վաղեմության այն մտայնության պատանդը, որ «տարածքները կվերադարձնենք, եթե պահանջեն»: Այսպես ասողները նկատի չեն ունենում մի կարեւոր հանգամանք. երբ դրվի տարածքների վերադարձի հստակ պահանջ, ապա բուն Ղարաբաղի հարցով այլեւս քննարկումներ չեն լինի, որովհետեւ Ղարաբաղի կարգավիճակի եւ նրա շուրջ տարածքների հարցերը փոխկապակցված են: Այստեղ ոչ մի իմիտացիա չի օգնի: Կմնա ստատուս-քվոն հնարավորինս երկար պահպանելու ցանկությունը, իսկ դա արդեն իմիտացիայի իմիտացիա է: Իհարկե՝ ցավալի հետեւանքներով, որոնք մեր կյանքը դարձնում են անտանելի՝ շրջափակում, սոցիալական աղետներ, համատարած ապատիա, որն արտահայտվում է ավելի ու ավելի ահագնացող արտագաղթով:

Խնդիրը ձեւակերպել այնպես, որ բանակցություններ չեն լինելու, գնում ենք իմիտացիայի, նշանակում է խլել Հայաստանի եւ Ղարաբաղի իրական անվտանգության եւ զարգացման հեռանկարը: Իսկ երբ շատ բան կամ գրեթե ամեն ինչ կապվում է Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմի դեպքում «զսպման մեխանիզմների կիրառման» տեսլականի հետ, ապա գործ ենք ունենում քաղաքական անմեղսունակության հետ, որովհետեւ որեւէ երաշխիք չկա, որ այդ դեպքում միջազգային կոնսոլիդացիա տեղի կունենա, եւ պատերազմը շատ արագ կկանգնեցվի: Երկրորդ՝ հնարավոր չէ պատերազմով լուծել պատերազմի հետեւանքները, քանի որ պատերազմը բերում է նոր հետեւանքներ կամ՝ բոլորովին այլ օրակարգ: Եւ ով կողմերից յուրաքանչյուրը ելման ինչ դիրքեր եւ բանակցային արգումենտացիա կունենա այդ պատերազմից հետո՝ ոչ ոք չի կարող ստույգ հաշվարկել: Իսկ Հայաստանը եւ Ղարաբաղը կոնկրետ որոշումների են սպասում: Մնում է հուսալ, որ իշխանություններն այս դեպքում կոնկրետ իմիտացիա են անում, իսկ բանակցությունները շարունակվելու են: Հակառակը կլիներ իրոք իմիտացիա, որը կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ: