29.09.2017 11:06

Երեկ. Իսկ դու շնորհավորե՞լ ես Խաչիկյանին

Երեկ. Իսկ դու շնորհավորե՞լ ես Խաչիկյանին

Ե՞ս չեմ նկատել, որ բեռնատարի վթարը մտնում է մեր ծաղկող պետության պարտադիր ծրագրի մեջ, թե չար պատահականություն է, որ երեկ առավոտ ծեգին կրկին բեռնատար է վթարվել։ Այս անգամ՝ Երեւան-Աշտարակ ճանապարհին։ Մի բարեբախտ տարբերությամբ. զոհ չկար։

Իսկ բանակում զինվոր զոհվեց։ 19 տարեկան էր։ Հետմահու շքանշան տվեցին։ Ու՞մ մխիթարեցին այդ շքանշանով։ Ինքս չգտա մխիթարվողին։ Իսկ թե կսկիծից դանդաղ մեռնողներն ովքեր են լինելու, բոլորս գիտենք։

ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։ Ոմանք հաշվում են ու թվաբանությունից թույլիկներիս էլ ավետեցին՝ սա արդեն 8-րդ նահանգն է, որ ճանաչել է Արցախի անկախությունը։ Մնացին 42-ը։

Վազգեն Խաչիկյանին ազատ արձակեցին։ Ասում են՝ պետք է 12 տարի պատիժը կրեր, երեք-չորս տարի տեւեց նրա տասներկուսը։ Ես էլ ասում եմ՝ իբր ինչի՞ կրեց որ։ Իր կուսակիցներից ինչո՞վ էր պակաս, որ նրանք ազատության մեջ կյանքն են վայելում, իսկ Խաչիկյանը բանտում էր։ Իրենցից շա՞տ էր թալանել։ Դժվար թե։ Ուրեմն՝ ակնկալվածից քի՞չ էր թալանել, դրա համա՞ր չներեցին։ Թե՞ ագահություն էր արել, շատն իրեն էր պահել, քիչն էր տվել տերերին։ Տերերը կիմանան, մենք ի՞նչ իմանանք։ Ինչ էլ որ եղել է, ես այն ժամանակ էլ չեմ հասկացել, թե այս համատարած ալանչի-թալանչիների քաոսում ինչու՛ հատկապես եւ մասնավորապես Խաչիկյանը ազատազրկվեց, եւ հիմա էլ չեմ հասկանում։ Իսկ քանի որ չեմ հասկանում, ինձ համար բացարձակապես միեւնույն է՝ Վազգեն Խաչիկյանը բանտախցում կգիրանար տասներկու՞ տարվա ընթացքում, թե տասներկու օրում։

Եթե, օրինակ, օֆշորային սկանդալի կարկառուն ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը ոչ միայն ազատության մեջ է, այլեւ Ազգային ժողովի պատգամավոր է, թող Վազգեն Խաչիկյանն էլ գնա իր հիվանդ եւ ծեր հորը տիրություն անի, ի՞նչ է եղել որ։ Մանավանդ որ՝ մանրակրկիտ ուսումնասիրությունները պարզել են, որ Հայաստանի մնացած բանտարկյալների ծնողները ողջ-առողջ են եւ նրանցից ոչ մեկը ծեր չէ, բոլորն առույգ պատանյակներ ու աղջնակներ են, նրանցից ոչ ոք երբեք չի հիվանդանում, առավել եւս՝ չի մեռնում, բոլորի ընտանիքները կուշտուկուռ ապրում են եւ ամեն օր փառք տալիս Հայաստանի իշխանությանն՝ իրենց դրախտային կյանքի համար։ Մի բանտարկյալ Խաչիկյան էր ընդամենը, որ ծեր ու հիվանդ հայր ուներ, եւ մի՞թե պարզ չէ, որ անտանելի բարի ՀՀԿ առաջնորդի «քրիստոնեական» սիրտը չէր դիմանալու ու մի օր պետք է ներում շնորհեր միակ տառապյալ կալանավորին։ Դե, նա էլ ներում շնորհեց, չնայած նախապես գիտեր, թե ինչքան շատ են Հայաստանում չար ու նախանձ մարդիկ։

Ու ճիշտ է ասում Էդիկ Շարմազանովը՝ մարդ է, սխալվել է. «Մի քիչ քրիստոնյա եղեք»։ Հա, բա ի՞նչ. մեռավ էս խեղճ իշխանությունը՝ իր բերանից կտրելով ու եկեղեցի կառուցելով, որ մի քիչ քրիստոնյա դառնանք, վազենք գաղութից դուրս եկած Խաչիկյանին ասենք. «Աչքդ լույս լինի, շնորհավորում ենք»: Ոչ մի օգուտ։ Շարունակում ենք մնալ նույն չկամեցողն ու ուրիշի գրպանի թալանը հաշվողը։ Եվ ընդհանրապես հերիք է մեծ-մեծ խոսենք, եկեք հայելու մեջ նայենք մեզ, հա՞, մեզ էլ թվում է՝ սրբե՞ր ենք։ «Թող առաջինը քար նետի նա, ով մեղավոր չէ»,- շատ ճիշտ է ասում Շարմազանովը։ Միակ զարմանալին այն է, որ իր այս «քրիստոնեական» եւ հոգեզմայլ ելույթի վերջում չասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում», եւ ցուպը ձեռը չառավ ու ճամփա չընկավ դեպի անապատ՝ մենության գրկում գլխին ավազ ցանելու եւ Խաչիկյանի հոգու փրկության համար աղոթելու։

Եվ առհասարակ. ականջներիդ օղ արեք՝ Վազգեն Խաչիկյանը Էդիկ Շարմազանովի ընկերն է. «Հարց կա՞»։

Չէ, պարոն Շարմազանով էդիկ, հարց չկա, բա էլ ու՞մ ընկերը պետք է լիներ Խաչիկյան Վազգենը, եթե ոչ՝ քո՛։

...Շարմազանովի քրիստոնեական քարոզից մինչեւ հոգուս խորքը խոցված գնացի ու կանգնեցի հայելու առաջ, երկար նայեցի ինքս ինձ ու որքան փորձեցի հիշել, թե երբ եմ հանգուցյալների թոշակը լափել՝ չհաջողվեց հիշել։

Երեւի էկլեր... չէ՛, սկլերոզ ունեմ։

Լիզա Ճաղարյան