29.09.2017 14:30

ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ Միչիգան նահանգի սենատի բանաձեւը

ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ Միչիգան նահանգի սենատի բանաձեւը

Ինչպես տեղեկացնում է Միչիգանի Հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ Միչիգան նահանգի սենատը ճանաչել է Արցախի հանրապետության անկախությունը՝ ընդունելով թիվ 99-րդ բանաձեւ: Բանաձեւի նախագիծը ներկայացվել է Միչիգանի նահանգային սենատոր Դեյվիդ Քնիզեկի կողմից։

Այսպիսով, Միչիգանը դարձավ ԼՂՀ անկախությունը ճանաչած ԱՄՆ  8-րդ նահանգը:

Բանաձեւը նաեւ կոչ է անում ԱՄՆ-ին տնտեսական եւ մշակութային հարաբերություններ հաստատել Արցախի հետ եւ աջակցել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ ԼՂՀ անկախությունը ճանաչել էին Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեյն, Լուիզիանա, Կալիֆորնիա, Ջորջիա եւ Հավայի նահանգները:

Ստորեւ ներկայացնում ենք բանաձեւի ոչ պաշտոնական թարգմանությունը, որը հրապարակվել է ԼՂՀ ԱԳՆ կողմից:

                                                                      ԲԱՆԱՁԵՎ

Բանաձեւը կոչ է անում Միացյալ Նահանգների Նախագահին եւ Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հայտնի է նաեւ Արցախ անվանմամբ, տնտեսական եւ մշակութային կապեր հաստատել ժողովրդի հետ եւ աջակցել Հարավային  Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։

Հաշվի առնելով, որ Արցախը գտնվում է Հարավային Կովկասում եւ պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը  հայեր են, եւ

Հաշվի առնելով, որ չնայած Հայաստանի հետ ունեցած պատմական եւ մշակութային կապերին, 1921 թ․ Իոսիֆ Ստալինը կամայականորեն բռնազատել է Արցախը Հայաստանից եւ խախտելով հայ ժողովրդի ազգային, տարածքային եւ մարդու իրավունքները՝ Արցախն ընդգրկել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, եւ

Հաշվի առնելով, որ տասնամյակներ շարունակ հայերի՝ ազգային անկախության, անհատական ազատության համար եւ Խորհրդային Ադրբեջանի ճնշումների եւ խտրականության դեմ ուղղված խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշվել են Խորհրդային Ադրբեջանի կողմից, որը հրաժարվել է թույլ տալ Արցախի ժողովրդի ինքնորոշումը։ Խորհրդային Ադրբեջանի արյունոտ պատասխանի արդյունքում էթնիկ հայեր են զոհվել  Սումգայիթում (1988 թ․ փետրվար), Կիրովաբադում (1988 թ․ փետրվար) եւ Բաքվում (1990 թ․ հունվար), իսկ ավելի քան 350,000 հայեր բռնագաղթվել Ադրբեջանից։ Սումգայիթի ողբերգությունից հետո Միացյալ Նահանգների Սենատը, մտահոգված լինելով Ղարաբաղի հակամարտությամբ, միաձայն փոփոխություն (N 2690)  է մտցրել  1989 թ. ֆինանսական տարվա «Օտարերկրյա գործառնությունների համար հատկացումների մասին» օրենքում (H.R. 4782), եւ կոչ արել խորհրդային իշխանությանը «հարգել հայ ժողովրդի օրինական ձգտումները…» եւ նշել, որ «տասնյակ հայեր սպանվել եւ վիրավորվել են վերջին անկարգությունների ժամանակ…», եւ

Հաշվի առնելով, որ Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին. 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, չնայած Արցախի ժողովրդի դեմ շարունակվող բռնությանը, Խորհրդային Միության փլուզման ժամանակ կայացել է համաժողովրդական հանրաքվե, որով հռչակվել է անկախ հանրապետություն։ Ավելի քան 50 միջազգային դիտորդների սեւեռուն ուշադրության ներքո եւ ազատ ու արդար ընտրությունների համար սահմանված միջազգային չափանիշներին լիակատար համապատասխանությամբ, ընտրելու իրավունք ունեցողների ավելի քան 80 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, որից 98 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը։ 1992 թ․ հունվարի 6-ին Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված Խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիր, եւ

Հաշվի առնելով, որ չնայած Արցախի Հանրապետության, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող հրադադարի մասին համաձայնագրին, որի շնորհիվ վերջ տրվեց տարիներ տեւած ակտիվ ռազմական գործողություններին, Արցախի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը շարունակում են վտանգի ենթարկվել տարածաշրջանային լարվածության եւ թշնամական գործողությունների պատճառով։  Արցախի հայերը շարունակում են վճռական ջանքերը՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրացմանը եւ բռնություններից ու ճնշումներից ազատ կյանքի ապահովմանը, եւ ճանաչելով Արցախի կառավարությունը` միջազգային հանրությունը կարող է նպաստել այս մեկ դար տեւած հակամարտության կարգավորմանը, հետեւաբար, ելնելով վերոհիշյալից, սենատը որոշում է.

Կոչ անել Միացյալ Նահանգների Նախագահին եւ Կոնգրեսին ճանաչել ազատ եւ անկախ Արցախի Հանրապետությունը, ինչպես նաեւ

Հայցել Միացյալ Նահանգների Կառավարությանը՝ զարգացնել եւ ամրապնդել մեր երկրի տնտեսական եւ մշակութային հարաբերություններն Արցախի Հանրապետության եւ նրա քաղաքացիների հետ եւ շարունակել աջակցել Արցախի հումանիտար եւ տնտեսական վերականգնմանը, ինչպես նաեւ

Աջակցել միջազգային հանրության շրջանում Արցախի Հանրապետության շարունակական ջանքերին՝ հասնել առկա տարածաշրջանային հիմնախնդիրների տեւական լուծմանը եւ խաղաղություն ու կայունություն հաստատել ռազմավարորեն կարեւոր Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաեւ

Փոխանցել սույն բանաձեւի կրկնօրինակները Միացյալ Նահանգների Նախագահին, Միացյալ Նահանգների Սենատի նախագահին, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ինչպես նաեւ Միչիգանի կոնգրեսական պատվիրակության անդամներին։