29.09.2017 17:17

Սելեկտիվ արդարադատության զոհերը. Խաչիկյան vs Գեւորգ Սաֆարյան

Սելեկտիվ արդարադատության զոհերը. Խաչիկյան vs Գեւորգ Սաֆարյան

Իրավապաշտպաններից մեկը որոշ առումներով դրական է համարում Վազգեն Խաչիկյանին ներում շնորհելու փաստը, որովհետեւ մեր իրավական ու դատական համակարգը սովորաբար հակված է կալանքի ռեժիմին: Այնինչ, միշտ չէ եւ բոլորին չէ, որ պետք է կալանավորել, եւ ազատման պրակտիկան մեր երկրում պետք է արմատավորվի:

Ճիշտ է ասում իրավապաշտպանը, սակայն, մեր դատական համակարգի խնդիրը խստությունը չէ ամենեւին, այլ սելեկտիվ արդարադատությունը: Իսկ սելեկտիվ արդարադատությունն ավելի վատ է, քան արդարադատության բացակայությունն ընդհանրապես: Մեր խնդիրն այն չէ, որ այս երկրում բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, պաշտոնից եւ ունեցվածքից, ցանկացած հանցանքի համար փակում են գաղութում:

Մեր խնդիրն այն է, որ հանցանք կարող է կատարել ցանկացած ոք, բայց ձերբակալվում են ոչ բոլորը:

Այն, ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի ցուլին: Այս է մեր արդարադատության ստվերային կարգախոսը: Եւ թերեւս ճիշտ կլիներ, որ մեր դատական համակարգը Ֆեմիդայի արձանը փոխարիներ Յուպիտերով՝ որպես իրենց կողմից կիրառվող «արդարադատության» ավելի ճիշտ խորհրդանիշ:

Ասում են՝ Խաչիկյանի հայրը տարիքով է, նա պետք է խնամի հորը (Անդրիաս Ղուկասյանին, սակայն, թույլ չտվեցին տեսնել մահամերձ հորը), ներում է խնդրել, արդեն բավականին նստել է, այս է արել, այն է արել:

Սակայն խնդիրն այն չէ, որ Խաչիկյանն ազատ է արձակվում, այլ այն, որ Խաչիկյանը, պետբյուջեի գումարները թալանելուց հետո կարճ ժամանակ անց՝ արդեն դրսում է, իսկ Գեւորգ Սաֆարյանը, հերիք չէ՝ կալանավորվել եւ դատապարտվել է տոնածառի համար, դեռ մի բան էլ՝ մինչեւ հիմա բանտում է:

Խաչիկյանի գործողությունները պետբյուջեի դեմ էին, այսինքն՝ հանրության դեմ, այսինքն՝ պետության դեմ, Սաֆարյանի գործողությունները իշխանությունների դեմ էին, իսկ իշխանությունները, նույնիսկ ամենալեգիտիմ իշխանությունները, պետությունը չեն: Մեր «արդարադատությունը» դատում է նրանց, ովքեր գործում են իշխանության դեմ, իսկ պետության դեմ գործողներին դատում է ընտրովի: Եթե դու ընդամենը մեկ հավ կամ մեկ տուփ պեչենի ես գողացել, բայց իշխանական խավից չես (թեեւ, իհարկե, հազիվ թե Հայաստանում իշխանության որեւէ ներկայացուցիչ սովը հագեցնելու համար մեկ հավ կամ պեչենի գողանալու կարիք ունենա, իսկ եթե գողանա էլ՝ ապա միայն հավեսի համար), ուրեմն՝ դու տարիներ կանցկացնես ճաղերի հետեւում, իսկ եթե միլիոններ ես թալանել բյուջեից, ինչպես քո մյուս կոլեգաները, բայց դարձել ես թույլ օղակ, ապա դու կնստես իհարկե, բայց քիչ, շատ քիչ, քեզ հետո կազատեն (Մարգար Օհանյանի ականջը կանչի), որովհետեւ քո դեպքում շարմազանովները կասեն՝ «քրիստոնյա լինենք, ով անմեղ է, թող առաջինը քար նետի», իսկ հավ գողացածին կներկայացնեն որպես խիստ վտանգավոր հանցագործ, եւ նրա պարագայում քրիստոնեական վերաբերմունք չի լինի:

Եւ սա դեռ վատագույն դեպքում, իսկ լավագույն դեպքում՝ եթե անգամ հանրության պահանջով քեզ հետ կապված քրեական գործ էլ հարուցեն, ապա իրավական հիմքերի բացակայությամբ պայմանավորված՝ այն կկարճեն. Սուրիկ Խաչատրյանը, Ռուբեն Հայրապետյանը, Արտակ Սարգսյանն ու մյուսները՝ վկա:

Հայաստանում չկա արդարադատություն, Հայաստանում կա արդարադատություն անունով մի մահակ, որը կոչված է պաշտպանել իշխանությունների շահերը: Եւ քանի դեռ այդ համակարգն ամբողջությամբ չի փոխվել, նրա այս կամ այն դետալն անիմաստ է քննարկել:

Իշխան Պողոսյան