30.09.2017 15:25

Արսեն Գրիգորյան. Հայաստանում կոռուպցիա չկա

Արսեն Գրիգորյան. Հայաստանում կոռուպցիա չկա

Հանցագործն, անշուշտ, ներման կարիք ունի: Հարցն այն է, թե ո՞վ է ներողը: Հեղինակավոր կայքերից մեկի խմբագիրը ողջունել է Վազգեն Խաչիկյանին ներելու եւ ազատ արձակելու փաստը:

Ո՞վ է ներել այդ մարդուն: Ես ներե՞լ եմ: Գուցե: Գուցե այնքան դաստիարակություն չունեմ, որ որոշեմ հանգիստ թողնել այդ մարդուն, ինքն ի վերջո բանտի ճաղեր է տեսել: Բայց պետության տեսանկյունից խնդիր կա: Մեծ խնդիր: Մոռանանք, որ անմեղ մարդիկ էլ են հայտնվում մեր բանտերում: Քննենք միայն մեղավորի հայտնվելը, որը նաեւ ներվում է: Թեպետ պաշտոնական որեւէ գրություն չկա, որ նրան ներել են: Մենք դիտարկում ենք դատավճիռը՝ 12 տարի, եւ դատապարտված տարիները՝ 5: Հաջորդ 7 տարին չի նստելու: Եթե չնստածը նստածից շատ է, ուրեմն ներվել է: Աստված իր հետ: Բանտում այդ տղան «ձեռք է բերել» Աստծուն: Հիմա առանց Աստծո անունը տալու չի խոսում: Ասում է՝ մեղավոր եմ, բայց միայն Աստծո առաջ: Սա ինչի՞ մասին է: Այն մասին, որ Հայաստանում հանցագործ լինելը հեշտ է: Բավական է իմանաս, թե ում առաջ ես հանցագործ: Հատկապես, եթե պատասխանատվության ինստիտուտ չկա: Հայաստանում «պատասխանատվություն» ընկալումից հանվել է ժողովուրդը, այսինքն՝ նա, որի իմաստավորումից էլ ձեւավորվում են պետությունը եւ նրա ինստիտուտները: Որն ի վերջո «գծում» է պետության սահմանները, որպեսզի լինի ոչ միայն ազգ, այլեւ պետական միավոր: Երբ Վազգենը հիշում է Աստծուն, ինքն ասում է՝ տղերք, ինձ դատողն Աստված է: Իսկ պետությունը բարոյական մարդ եւ քաղաքացի լինելու հնարավորությունն է՝ առանց Աստծո: Որովհետեւ, եթե Աստված կա, պետական սահմաններ չկան: Եվ չկա մի հանցանք, որը կարող է դատապարտելի լինել տուժողի եւ որևէ մեկի համար:

Էս տղան հազարավորների է խաբել, հազարավորների հաշվին կուսակցություն է պահել, ընտրություններ է ֆինանսավորել ու հիմա մեղավոր է միայն Աստծո առաջ: Ուրեմն, մեղավոր է Աստծո առաջ, իսկ ներում ենք մենք: Լինու՞մ է այդպես: Իհարկե, չի լինում: Բայց ահա թե որն է խնդիրը: Հանցագործի ինստիտուցիոնալ ներում Հայաստանում չկա: Որովհետեւ լեգիտիմ իշխանություն չկա: Վազգեն Խաչիկյանը, ինչպես ժամանակին Մարգար Օհանյանը կամ Հովիկ Թամամյանը, միշտ ներվողների մեջ է: Այս բոլոր մարդիկ բոլոր հանցագործությունները կատարել են պետության հնարավորություններն օգտագործելով: Նրանք պարզապես մասնավոր մեկի տունը չեն թալանել, կամ, ինչպես Թամամյանի դեպքում է, մարդուն իր տան մեջ չեն սպանել: Նրանք պաշտոնյա են եղել պետության անունից, նշանակում է՝ հանցանքները գործել են պետության անունից:

Պետությունը դեռեւս իմաստավորված չէ: Այն ավելի շուտ ախտահարված է, ախտահարված է թեկուզ նրանով, որ ընտրությունները կեղծելով՝ իշխանությունը ժողովրդին մասնակից չի դարձնում Վազգեն Խաչիկյանին ներված տեսնելու իրավունքին: Սա ցանկացած կիսագրագետ ՀՀԿ-ական գիտի: Ասենք, Էդուարդ Շարմազանովը, որն ասում է. «Խաչիկյանն իմ ընկերն է»: Որովհետեւ Խաչիկյանը դեռ «տիրություն» պետք է անի Ալավերդին, բայց արդեն քրեական «պանյատներով»: Ժողովուրդը, այսինքն՝ ընտրողը, այսինքն՝ նա, որ դուրս չի եկել փողոց Վազգենին ժամանակին պաշտոն վստահելու համար, հիմա պետք է ենթարկվի այդ տղայի արդեն փողոցային կառավարման մեթոդներին:

Ինչու՞: Հիմա մենք հասանք ամենահիմնականին՝ Հայաստանում կոռուպցիա չկա: Կոռուպցիան ենթադրում է պետական կառավարման բոլոր ինստիտուտների իրավական գոյության մեջ մի կամ մի քանի էլեմենտի խափանում: Եթե պետություն կա, ինքը լծվում է դրանց վերացմանը: Իսկ երբ կոռուպցիայից բացի ուրիշ ոչինչ չկա, նշանակում է կոռուպցիա չկա: Ահա ինչու է այդքան հեշտ հիշել Աստծուն եւ այդքան դժվար՝ պետությունը: