02.10.2017 15:10

Էրդողան. Թուրքերին ձանձրացրել է, որ ԵՄ-ն իրենց «քթից բռնած՝ ման է ածում»

Էրդողան. Թուրքերին ձանձրացրել է, որ ԵՄ-ն իրենց «քթից բռնած՝ ման է ածում»

Թուրքիան այլևս Եվրամիությանը անդամակցելու կարիք չունի, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

ԵՄ-ն պետք է շահագրգռված լիներ Թուրքիայի անդամակցությամբ, մինչդեռ Թուրքիան ոչինչ չի կորցնի, եթե Եվրամիություն չմտնի, հայտարարել է այդ երկրի նախագահը: «ԵՄ-ի նոր ծրագրերի իրականացման միակ ճանապարհն անցնում է Թուրքիայի լիիրավ անդամակցության միջով: Նա պատրաստ է աջակցել այդ նախաձեռնություններին և նապաստ բերել Եվրոպայի հետագա զարգացմանը: Բայց եթե ԵՄ-ն այլ ճանապարհ ընտրի, խնդիր չկա: Թուրքիան ոչինչ չի կորցնի և կշարունակի գնալ իր ուղով»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման արարողությանը:

Նա նշել է, որ Թուրքիան այլևս ԵՄ անդամակցության կարիքը չունի, «թուրքերին ձանձրացրել է, որ տարիներ շարունակ իրենց քթից բռնած՝ ման են ածում», բայց իր նախաձեռնությամբ չի դադարեցնի բանակցություններն այդ հարցի շուրջ: Էրդողանի խոսքով՝ ԵՄ քաղաքականությունը պարտադրվում է Թուրքիային, սակայն ԵՄ-ն չի սատարում Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում:

«ԵՄ երկրներն առաջին տեղում են այն պետությունների շարքում, որոնց աջակցության հարցում մենք ամենաշատն ենք հիասթափվել: Թուրքիան շատ անհանգստացած է ահաբեկչության հարցում նրանց անփութությամբ, ովքեր բացահայտ հանդես են գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ»,- հայտարարել է Էրդողանը:

Փոխանցում է ria.ru-ն: