02.10.2017 15:49

Լիզա Ճաղարյան. «Ճա՞ռ ասեմ, թե զանգ կախեմ»

Լիզա Ճաղարյան. «Ճա՞ռ ասեմ, թե զանգ կախեմ»

Այդպես էլ չհասկացա, եւ բոլոր նախանշանները կան, որ երբեք էլ չեմ հասկանա այն երիտասարդ մարդկանց, որոնք ժամանակ առ ժամանակ նստում են որեւէ լրագրողի առջեւ ու կոպիտ ասած՝ խելք ծախում։

Իրենք ուզու՛մ են, որ ներկա իշխանությունը փոխվի։ Շա՛տ են ուզում։ Ահազանգում են՝ եթե սրանք մնան, կորցնելու ենք Հայաստանը, կորցնելու ենք անկախությունը, կորցնելու ենք Արցախը։ Հիմնավորում են իրենց այս տագնապները։ Լա՛վ էլ հիմնավորում են։ Գիտե՛ն այս իշխանությանը վռնդելու ուղիները։ Գրագետ են, ճարտար լեզու ունեն։ Պակաս բան չկա, կարճ ասած։ 

Նայում ես, որ տեսնես՝ էս ովքեր են։ Տեսնում ես՝ ոտը-ձեռը տեղը, առողջ, երիտասարդ, կուշտուկուռ, շա՜տ խելացի, գրեթե իմաստուն տղամարդիկ են, Չերչիլ դառնալու համար միայն սիգարն է պակասում։ Ու միշտ դժգոհ են։ Ուրիշներից։ Իրենք միշտ ճիշտ են, երբեք չեն սխալվում։ Որովհետեւ բան չեն անում, որ սխալվեն կամ չսխալվեն։ Խոսում են։ Միա՛յն։ Ֆեյսբուքում պարբերաբար որոտ ու կայծակ են հղում քաղաքական գործիչների կամ կուսակցությունների ուղղությամբ, իսկ իրենք ահա՛ փռվում են բազկաթոռին կամ թաթիկները համեստորեն դնում են իրենց ծնկներին, հենվում փայտե աթոռի թիկնակին ու անհամեստորեն, անտանելի անհամեստորեն դատողություններ անում լավ թե վատ պայքարողների հասցեին։

Չես ուզում, բայցեւ չես կարող չմտածել՝ երիտասարդ, եթե այդքան խելացի ես, եթե այդքան լավ գիտես, թե ոնց պետք է փրկել Հայաստանը, էս ի՞նչ բանի ես, ինչու՞ չես դուրս գալիս հարմարավետ քո ծակուռից, գլխիդ հավաքում քո դատողություններով հիացողներին եւ քանի որ չափուսահմանն անցած խելացի ես ու ինչ ասում ես՝ ճիշտ ես ասում, ուրեմն նաեւ՝ չհիացողներին, ու փրկում Հայաստանն էլ, հայաստանցիներին էլ։ Հանկարծ չասես՝ ես քաղաքական գործիչ չեմ, ես կուսակցություն չունեմ, ես... Է՛, ստեղծիր կուսակցություն, դրանից էլ հեշտ բա՞ն Հայաստանում, դարձի՛ր քաղաքական գործիչ, ումի՞ց ես պակաս՝ Շմայսի՞ց, թե Լֆիկից։

Էդ քո շատ սիրած, պաշտած, անգին ու բազմաքանքար Հայաստանից թա՞նկ ես։

Իսկ հեչ մտքովդ անցե՞լ է, ամենիմաց երիտասարդ, որ Հայաստանի գահավիժումն այդքան պարզ տեսնող եւ ուրիշներից պայքար պահանջողները, առաջնորդի փափախը գլխներին դրած սոսկ լեզվաշարժությամբ զբաղվողները նման են այն նույն գլխակերներին, որոնք իրենց տներում կամ արտասահմաններում գարեջուր կամ վիսկի խմելով «Յա Գարեգին Նժդե» են աշխատում մեկուկես դրույքով ու պահանջում, որ ուրիշները կամ ուրիշների երեխաները գնան ու զոհվեն հանուն հայրենիքի, դեռ մի բան էլ ավելի՝ հանուն Մասիս սարի։

Ով իր արտացոլանքը տեսավ խոսքիս մեջ, թող Սողոմոն իմաստունի անգործությունից հորանջող գլխարկը հանի գլխից եւ գլխարկի ու իր գլխի վրա կուտակված փոշին թափ տա։

Գուցե դրանից հետո այնքան փռշտա, որ ձայնը խզվի, մենք էլ պրծնենք իր սնամեջ պոռոտախոսությունից, սերունդներն էլ։