03.10.2017 14:42

Սերգո Տոնոյան. «Երեւան. Չերեւացող խնդիրներ»

Սերգո Տոնոյան. «Երեւան. Չերեւացող խնդիրներ»

Երեւանի քաղաքապետարանը օրեր առաջ հաստատել էր այս տարվա տոնական միջոցառումների կազմակերպման բյուջեն՝ 60 մլն դրամ։ Մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալական և հասարակական տարբեր խմբերի ընտանիքներին ցուցաբերվում է աջակցություն: Ըստ այդմ, 2799 ընտանիք քաղաքապետարանից կենցաղային տեխնիկա կստանա:

Հոբելյանական՝ 2800-րդ կարիքավոր երեւանցին, կներեք, բայց մեկ տարի էլ դեռ պետք է դիմանա: Այս իշխանություններն, անշուշտ, նրա գոյությունը կապահովեն քաղաքի՝ տարիք առնելուն զուգահեռ, անհանգստանալու կարիք չկա: Այսպիսի մտածողությամբ կանխորոշված է, որ հաջորդ տարի հաստատ ավելի վատ է լինելու՝ որքան քաղաքը՝ ծեր, ապրուստն էլ՝ այդքան վատ:

Հիմա դիմենք ամենազոր հանրահաշվին: Անգամ եթե այս տարվա միջոցառումները, համաձայն՝ քաղաքապետարանի հայտարարության, բավականին համեստ են լինելու, միեւնույն է՝ վերոնշյալ 60 մլն դրամի մի մասը ծախսվելու է տարատեսակ համերգների, փառատոների եւ այլ՝ սովետականության ամբողջ համն ու հոտը ներառած միջոցառումների սպասարկման համար: Հայտնի չէ, թե ինչպիսի՞ տեխնիկա է բաժանում քաղաքապետարանը զոհված ազատամարտիկների ընտանիքներին, Արցախյան պատերազմի հերոսներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց և սիրիահայերին, սակայն թվաբանությունը հուշում է, որ դրանց միջին արժեքը չպետք է գերազանցի 10-15 հազար դրամը: Ծանոթ թվեր են, չէ՞:

Այս իշխանություններն այդպես էլ չեն հասկանում, որ երկրի կառավարման գործը բարերարության հետ որեւէ առնչություն չունի: Տվյալ դեպքում, Երեւանում բազմաթիվ, եթե կուզեք՝ 2799 եւ ավելի այնպիսի հրատապության խնդիրներ կան (օրինակ՝ վթարային շենքեր, կոմունիկացիաների բացակայություն, աղբահանություն, տրանսպորտ եւ այլն), որ քաղաքապետարանը բարեգործության նպատակով մեկ լումա ծախսելու իրավունքը պարզապես չունի:

Մտահոգության բոլորովին այլ առիթ է հենց  «Էրեբունի-Երեւան», այսպես կոչված, ավանդական տոնակատարությունը: Թե ինչպիսի՞ նպատակ էին հետապնդում սովետական իշխանությունները՝ երեւանցիների վզին փաթաթելով քաղաքի պատկառելի այս տարիքն ու դա ամեն տարի շուքով նշելու ավանդույթը,  շատ հետաքրքիր հարց է, սակայն, ակնհայտ է, որ ինչպես հայոց պատմության ճանաչողության եւ գիտակցման պարագայում, այդպես էլ Երեւանի դեպքում, գործը պաթետիկ արտահայտություններից, կեղծ հայրենասիրական դրսեւորումներից այն կողմ չի անցնում: Վառ օրինակ՝ այս տարվա միջոցառումների անունները՝ «Երևան՝ սիրո քաղաք», «Հին ու նոր Երևանս», «Ես ու Երևանս», «Մեկ կտավ Երևանիս»:

Իրականում՝ Երեւանը «հարուստ» է զանազան խնդիրներով, որոնք բնորոշ են ետխորհրդային քաղաքներին: Սոցիալիստական մշակույթի հսկայական հետքը կրող մեր «վարդագույն» քաղաքը, հավատացե՛ք, իրականում հատուկենտ ճարտարապետական կառույցներ ունի, որոնցով կարող է ներկայանալ զբոսաշրջիկին: Սա քաոտիկ զարգացում ապրող, խիստ անորոշ կերպարանք ընդունող մի բնակավայր է, որ կարծես գերի է ընկել կեղծ հայրենասիրության կողմից դակած չափազանցություններին եւ բնորոշումներին: Դրանց տակ են թաքնված Երեւանի՝ չերեւացող խնդիրները:

Այդ խնդիրները շաբաթօրյակներ կազմակերպելով, քաղաքացիներին էժանագին նվերներ բաժանելով չեն լուծվելու: Աշխարհի քաղաքները զարգացման այնպիսի փուլերին են հասել, որ համեմատության մեջ՝ Երեւանը գյուղ է՝ քաղաքի վերածվելու դեռեւս չսպառած հնարավորությամբ: Սակայն, երբ մեր զարգացումը սահմանափակված է «սովետի ժամանակ» կառուցած շենքերի բաց պատշգամբները փակելու, մետաղական ավտոտնակները շքեղ առանձնատների վերածելու, իսկ նկուղներում՝ օբյեկտներ բացելու փիլիսոփայությամբ, ապա այդ հնարավորությունը օր օրի կորչելու է:

Այնպիսի տպավորություն է, որ  մեր ժամանակների, այս սերնդի միակ առաքելությունն է՝ ապամոնտաժել սովետի ժամանակվա կոյուղագծերի վերջին չուգունե կանգնակը՝ այն պլաստմասսե խողովակով փոխարինելով: Ու հանգիստ քեֆ անել: