04.10.2017 11:56

Վահան Թումանյան. Ելքի սահմանը

Վահան Թումանյան. Ելքի սահմանը

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցի խորհրդարանական քննարկումը բացահայտեց «Ելք» դաշինքի քաղաքական սահմանը: ԱԺ փոխնախագահ Շարմազանովը ենթատեքստային հայտարարություն արեց, որ եթե ընտրությունների ժամանակ ելքականները բարձրացնեին այդ հարցը, ապա չէին հաղթահարի 7 տոկոսի շեմը եւ չէին հայտնվի խորհրդարանում: Ֆորմալ առումով Շարմազանովը դա հիմնավորել է նրանով, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն: Բայց փաստացի՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը «Ելքին» հիշեցրել է, որ ԱԺ ընտրություններում նվազագույն շեմը նրանք հաղթահարել են ՀՀԿ քվոտայով: Եւ այդ ժամանակ որեւէ ձեւով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարց չի քննարկվել:

Ասել է թե՝ Շարմազանովը ելքականներին մեղադրեց քաղաքական երկերեսանիության մեջ: ԱԺ փոխնախագահի հայտարարությունը նաեւ արտաքին լսարանին, ամենից առաջ՝ Ռուսաստանին էր հասցեագրված եւ նպատակ ուներ ցույց տալ, որ «Ելքի» նախաձեռնության հետ իշխանությունը եւ Սերժ Սարգսյանն անձամբ որեւէ կապ չունեն: Մինչ այդ փորձագիտական շրջանակներում տեսակետ էր գեներացվել, որ իշխանությունը «Ելքի» նախաձեռնության միջոցով Մոսկվային ինչ-որ բան է ուզում ասել: Շարմազանովը փորձեց ցրել այդ կասկածները: Որքանով դա նրան եւ իշխող ՀՀԿ-ին կհաջողվի՝ այլ հարց է:

Քննարկումներից էական տպավորությունը նա է, որ «Ելքը» պատգամավորական մանդատներով պարտական է իշխանությանը, ՀՀԿ-ին եւ անձամբ Սերժ Սարգսյանին, եւ եթե փորձի խախտել պայմանավորվածությունները, ապա կհանդիպի լուրջ դժվարությունների: Այդ մասին էլ բացահայտ ակնարկեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Բաղդասարյանը՝ արձանագրելով, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցում ելքականները կոնսենսուս չունեն, մի մասը կողմ է, մյուսը՝ դեմ: Դա ակնարկ էր, որ իշխանությունը տիրապետում է «Ելքի» ներքին խոհանոցի ամենավերջին գաղտնիքներին եւ հարկավոր դեպքում կարող է գործի դնել ազդեցության անհրաժեշտ լծակներ: Կանխատեսու՞մ էին ելքականները նման զարգացում: Հազիվ թե, հակառակ դեպքում չէին գնա բաց քննարկումների: Իսկ իշխանությունը հաստատ հարմար պահի էր սպասում, որպեսզի բացահայտի ելքականների «ինքնուրույնության» սահմանը: Հիմա ամեն ինչ պարզ է, եւ հասարակությունը պետք է համապատասխան եզրակացություններ անի: