04.10.2017 12:46

Արսեն Գրիգորյան. Թեմայի փնտրտուք

Արսեն Գրիգորյան. Թեմայի փնտրտուք

Խիստ ընդդիմադիր Միքայել Մելքումյանը երեկ խորհրդարանի ամբիոնից կուրծք էր ծեծում ԵԱՏՄ-ից դուրս չգալու օգտին: Իր փաստարկները նա ամրացնում էր դաշնակցական Արմեն Ռուստամյանի եւ հանրապետական Միհրան Հակոբյանի՝ իրենից առաջ հնչած մտքերով:

Մեր թեման, սակայն, ԵԱՏՄ-ԵՄ ընտրությունը չէ: Մեր թեման կարող էր լինել Միքայել Մելքումյանը, որի աշխատասեղանի վերեւում ԱԺ փոխնախագահ դառնալու առաջին օրերին կախված էր Սերժ Սարգսյանի դիմանկարը: Սակայն նա մեր թեման չէ:

Մեր թեման կարող էր լինել, ասենք, պատգամավոր Վարդան Ղուկասյանը, որը, որպեսզի պատասխանի այն հարցին, թե ինքը վախենու՞մ է Սերժ Սարգսյանից, լրագրողներին առաջարկում է անջատել տեսախցիկները: Եվ միայն անջատելուց հետո ասում է՝ ինքը վախենում է Աստծուց: Աստծուց վախեցողները վաղուց թեմա չեն: Հատկապես Ազգային ժողովում, որտեղ ամեն խոսքն արդեն պահանջում է հոգեթերապեւտի  մեկնաբանություն:

Մեր թեման կարող էր լինել կոմպոզիտոր Արմեն Սմբատյանը, որն ասում է, թե հայերը սիրում են ողբերգություններ, որովհետեւ դրանցից էներգիա են ստանում:

Մեր թեման կարող էր լինել ցանկացած հանրապետական, որը չմտածելու մեջ մրցակից չունի:

Մեր թեման կարող էր տարածվել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վրա, որը հայտարարում է, թե ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանը պարտվել է: Հենց այդ պատճառով մեր թեմայում իր տեղը կարող էր նվաճել Բուդդան, որը մեդիտացիայի մեջ դադարում էր լինել այսաշխարհի մարդ:

Մեր թեմայի ընտրությունն իրականում այդքան մեծ չէ: Սակայն մեր թեման կարող էր լինել ՏՄՊՊՀ-ն, որը Հայաստանին պատուհասած բոլոր թանկացումները բացատրում է միջազգային գների բարձրացումով՝ չվկայակոչելով, թե հատկապես որտեղ ինչի գինն է բարձրացել: Մեր թեման կարող էր լինել հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը մտածելուց ազատվածի ամբողջ թեթեւությամբ հայտարարում է, թե գնաճը լավ բան չէ:

Մեր թեման կարող էր լինել 2018-ի պետական բյուջեն, որը մեր մաշկից հեռու ինչ-որ այլ իրականության համար է գրվել, քանի որ ոչ մի տնտեսական աճ, նույնիսկ հաջորդ տարվա բյուջեի կանխատեսումներով, մեր մաշկի վրա չենք զգալու:

Մեր թեման կարող էր լինել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը Կատալոնիայում իսպանացի ոստիկանների «մի փոքր բիրտ ուժի» կիրառում է նկատել, սակայն պարոն Օսիպյանը վաղուց նույնիսկ ինքն իր համար թեմա չէ:

Մեր թեման կարող էր լինել Նիկոլ Փաշինյանը, որն ԱԺ ամբիոնից զարմացած է, թե ինչու՞ է Երեւանի ավագանին ընդդիմությանը զրկել քաղաքային հանրաքվե անցկացնելու առաջարկի իրավունքից: Մեծամասնություն են, զրկել են, դա ի՞նչ թեմա է: Եթե ուզենան, «Ելքին» եւ «Երկիր ծիրանի»-ին կզրկեն քաղաքապետարան մտնելուց: Ո՞վ պիտի խանգարի, ումի՞ց պիտի վախենա Տարոն Մարգարյանը, որը մեր այսօրվա թեման չէ:

Հայաստանը պետք է պատրաստ լինի թեմա չլինելուն: Որովհետեւ այլ ընտրություն չունի: Եղել են ժամանակներ, սակայն, երբ Հայաստան ասելիս մարդու ծնկներ էին դողում: