04.10.2017 13:30

Առաքել Թավրիզյան. Նախադեպի ծուղակը

Առաքել Թավրիզյան. Նախադեպի ծուղակը

Իրաքյան Քրդստանում եւ Կատալոնիայում տեղի ունեցան անկախության հանրաքվեներ: Միջազգային հանրությունը, սակայն, առայժմ չի ճանաչել ոչ մեկի, ոչ մյուսի լեգիտիմությունը: Իրավիճակը չափազանց ինտրիգային է նաեւ նրանով, որ ոչ Քրդստանը, ոչ Կատալոնիան, չնայած հանրաքվեներին, չեն հայտարարել անկախության մասին: Ստեղծվում է նախադեպ, երբ անկախության հանրաքվեն կարող է արժեզրկվել: Այս իմաստով հետաքրքրական են ադրբեջանական մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումներ: Դրանց հիմնական իմաստն այն է, որ եթե Քրդստանի եւ Կատալոնիայի հանրաքվեները միջազգայնորեն համարվում են ոչ լեգիտիմ, ապա Ադրբեջանի համար դիվանագիտական հնարավորություն է բացվում, որպեսզի ԼՂ կարգավորման հայեցակարգից հանվի վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեի պահանջը:

Ադրբեջանական կողմը հատկապես մատնանշում է Կատալոնիայի հարցով ՌԴ նախագահ Պուտինի այն միտքը, որ դա «Իսպանիայի ներքին գործն է»: Այս դեպքում ադրբեջանցի վերլուծաբանները ելնում են նախադեպից. եթե Կատալոնիան Իսպանիայի ներքին գործն է, ապա ԼՂ հարցը «պետք է կարգավորվի Ադրբեջանի իրավական դաշտում»: Ըստ երեւույթին, Ադրբեջանն իրոք փորձելու է օգտագործել այդ հանգամանքը, որպեսզի միջազգային մակարդակում նույնականացնի ԼՂ եւ Քրդստանի ու Կատալոնիայի խնդիրները: Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ, տպավորված են, որ Եվրամիությունը եւ առհասարակ միջազգային հանրությունը փոխելու է վերաբերմունքը, եւ առաջին պլան է մղվելու պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը:

Հայկական փորձագիտական հանրությունն՝ իր հերթին, ինքնորոշման ակտին նախապատվություն տալով՝ ակամայից նպաստում է, որ ԼՂ եւ Քրդստանի ու Կատալոնիայի խնդիրների միջեւ համեմատության դաշտ ձեւավորվի: ԼՂ ԱԳՆ-ն իր հերթին ողջունել է Քրդստանի անկախության հանրաքվեն: Ըստ երեւույթին, այս հարցում կարելի էր որոշակի պաուզա պահել: Արժե, թերեւս, սահմանափակել ԼՂ եւ Քրդստանի ու Կատալոնիայի միջեւ համեմատությունները: Տրամաբանական կլիներ, եթե հայկական քաղաքական եւ փորձագիտական շրջանակները խնդիրը դիտարկեին ոչ համեմատական հարթությունում եւ շեշտեին, որ ԼՂ դեպքում խոսքը ոչ թե քաղաքական տարաձայնությունների, այլ «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի մասին կարող է լինել:

Քարոզչության մեջ, ըստ երեւույթին, պետք է նախապատվությունը տալ վերջին տարբերակին՝ ԼՂ-ն Ադրբեջանից անջատվել է, որպեսզի պահպանի ֆիզիկական գոյությունը եւ ազգային ինքնությունը, եւ դա միջազգային պրակտիկայում բացառիկ դեպքերից է: Ժամանակին այդ մասին կանխատեսել է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ղարաբաղյան կարգավորման բանակցություններում լրջորեն օգտագործի «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը: Ասել է թե՝ հարկ է նաեւ ձեւավորել անհրաժեշտ փորձագիտական, վերլուծաբանական եւ տեղեկատվական հիմքեր: Հակառակ դեպքում հատկապես Կատալոնիայի հարցում եվրոպական ընկերակցության դիրքորոշումը կարող է Ադրբեջանի համար դառնալ դիվանագիտական փաստարկում: