05.10.2017 11:06

Գեւորգ Նալբանդյան. Ռուս-թուրքական «ռուլետկա»

Գեւորգ Նալբանդյան. Ռուս-թուրքական «ռուլետկա»

Անկարայում Էրդողան-Պուտին բանակցությունները հայրենական մեդիա-տիրույթում քննարկվեցին հիմնականում կասկածանքով, որ Հայաստանի թիկունքում, հնարավոր է, նոր գործարք է ծրագրվում: Թուրքական մամուլը, մինչդեռ, բոլորովին այլ ռակուրսով է ներկայացրել Էրդողան-Պուտին բանակցությունները: Անկարայի փորձագետները հատուկ ուշադրություն են դարձրել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների մամուլի ասուլիսի տոնայնությանը:Այն դեպքում, երբ Էրդողանը միանշանակորեն դատապարտել է Իրաքյան Քրդստանում հանրաքվեն, Պուտինը նման հայտարարություն չի արել:

Ռուսաստանի նախագահը բավարարվել է նրանով, որ հղում է կատարել արտգործնախարարության տարածած հայտարարությանը: Թուրք մեկնաբանները նկատել են տալիս, որ ՌԴ ԱԳՆ -ն հարգանքով եւ ըմբռնումով է մոտենում անկախ պետություն ունենալու՝ քուրդ ժողովրդի օրինական ձգտումներին: Ըստ էության, այս՝ Թուրքիայի համար շատ սկզբունքային նշանակություն ունեցող հարցում Մոսկվայի եւ Անկարայի մոտեցումները խիստ տարբերվում են: Թուրք վերլուծաբանները հատուկ ընդգծել են ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի այն միտքը, որ երկու երկրները Սիրիայի հարցում սկզբունքային տարաձայնություններ չունեն: «Ուրեմն, այնուամենայնիվ, ոչ սկզբունքային տարաձայնություններ Թուրքիան եւ Ռուսաստանը Սիրիայի հարցում ունեն»,- արդարացիորեն շեշտել է թուրք մեկնաբանը:

Ընդսմին, նա ուշադրության է առել այն հանգամանքը, որ Պուտինի՝ Անկարա կատարած այցից անմիջապես հետո Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Ասադի վարչակազմը պատրաստ է Իսլամական պետության ոչնչացումից հետո քրդերի հետ քննարկել նրանց ինքնավարության եւ ինքնակառավարման հարցերը: Անկարայում ճիշտ են հասկացել, որ խոսքը վերաբերում է Սիրիայում քրդական ինքնավարության հաստատմանը: Այս իմաստով թուրքական մամուլը նկատել է տալիս, որ չնայած Էրդողանի կողմից անձամբ Պուտինին արված բազմաթիվ խնդրանքների, քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության Մոսկվայի գրասենյակը չի փակվել, շարունակում է գործել: Թուրքիան քրդական այդ կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն: Կարեւոր է, որ Էրդողան-Պուտին համատեղ ասուլիսի ընթացքում կողմերը չեն շոշափել Ռուսաստանի կողմից Թուրքիային C-400 հրթիռային համակարգ վաճառելու հարցը:

Թուրք մեկնաբանները պարզել են, որ այդ հարցում ծագել են բարդություններ. վերջին պահին Ռուսաստանը հրաժարվել է Թուրքիային վաճառել այդ համակարգի տեխնոլոգիաները: Այսպիսով, կարելի է եզրահանգել,որ Էրդողան-Պուտին հանդիպմանը ոչ մի սկզբունքային համաձայնություն կողմերի միջեւ ձեռք չի բերվել: Ըստ էության, ճշմարտությանը մոտ է փորձագիտական տեսակետը, որ քրդական հարցը Ռուսաստանի համար դարձել է Թուրքիայի հետ բանակցություններում ազդեցիկ լծակ: Այս իրավիճակում Թուրքիան հանդես է գալիս թույլ դիրքերից, եւ Ռուսաստանը ձգտում է առավելագույն շահ ստանալ: