06.10.2017 15:14

Լիզա Ճաղարյան. Երեկ. Ասած-չասած՝ մի հաշիվ է, ուտող-ուրացող եք

Լիզա Ճաղարյան. Երեկ. Ասած-չասած՝ մի հաշիվ է, ուտող-ուրացող եք

«Չիբուխ»-ն էլ թանկացավ։ Թոշակառուներին ու չունեւորներին քիչ թե շատ հասանելի ծխախոտն էր։ 160 դրամը միանգամից «վագրային թռիչքով» ոստնեց մինչեւ 240-ի բարձունքը։ «Չիբուխ»-ի հույսին մնացածները տնքում են անզորությունից։ Դե, անգիտակից զանգված է. գոնե երախտագիտությունից թաշկինակ թրջեն ջերմագին արցունքներով, որ Հայաստանի բարի իշխանությունը մտահոգված է իրենց առողջությամբ եւ ամեն զոհողության պատրաստ է՝ միայն թե մարդիկ առողջ լինեն, դեռ մի բան էլ դժգոհում են ու հայհոյում։ Առողջապահության նախարարության հոգին դուրս եկավ բերանով՝ զգուշացնելով, որ «ծխելը վնասակար է առողջությանը»։ Չեք հասկանում, չէ՞։ Դե, իրենք էլ հնարավոր ամեն ինչ անում են, որ ձեր անհոգ, երջանիկ ու բարեկեցիկ կյանքն արհեստականորեն չկրճատեք, ուտող-ուրացողներ։

Ապրեք, էլի՛. ձեռքներդ էսպիսի իշխանություն է ընկել՝ միսը թանկացնում է, որ բուսակեր դառնաք ու զանազան թույներից մաքրեք ձեր մեղավոր մարմինները, ծխախոտը թանկացնում է, որ լիաթոք շնչեք հայրենիքի կենարար թթվածինը, ամեն ինչը թանկացնում է, որ զգաք ու գնահատեք ձեր սեփական կյանքի անգինությունը, իսկ դուք փնթփնթում եք ու փնթփնթում։ Է՞լ ինչ անի, որ հասկանաք՝ ամեն օր ու ամեն ժամ այս իշխանությունը լափում է ու լափում, լափում է ու լափում, որ տեսնեք ձեր սեփական աչքերով՝ դրա վերջը տրաքելն է։ Ինքնազոհաբերվում է, որ ձեր համառ գիտակցությանը հասնի՝ ժամանակակից բժշկությունն ապացուցել է, որ քաղցի միջոցով հնարավոր է բուժել բազմաթիվ հիվանդություններ։ Բուժվեք, էլի, ոտի վրա մեռնում եք, տնաքանդներ։

Օֆ, հոգնեցի։ Ասած-չասած՝ մի հաշիվ է։ Դուք, միեւնույն է, ձեր թանկացած «Չիբուխ»-ի դարդն եք թմբկահարելու։ Միեւնույն է՝ մինչեւ երկինք աղմկելու եք ինչ-որ սպանված թռչունների համար։ Մեր չարաճճի երեխաներն են. հարցրել են որսորդին, տեղեկացել են, որ էդ թռչունները Թուրքիայից են թռել-հասել Հայաստան, որոշել են մի լավ դաս տալ սահմանախախտ ոսոխին։ Լուսանկարվել են, որ թշնամին տեսնի, թե ինչ է  սպասվում Հայաստանի սուրբ հողը ուխտադրժորեն ոտնակոխ անողներին։ Իսկ դուք կարճամտորեն ջուր եք լցնում թշնամու ջրաղացը՝ Բաղրամյան 26-ի մեդալների ու շքանշանների պահեստապետին խնդրելու փոխարեն, որ էդ «Մարքրիտին ուզողների» կուրծքն էլ զարդարի Մեսրոպ Մաշտոցի ու Մովսես Խորենացու շքանշաններով։ Ումի՞ց են պակաս։ Ժողովրդի ծոցից ելած ինքնաբուխ հայրենասերներ են։

Իսկ որ մեր ֆուտբոլի հավաքականը երեկ վեց գնդակ կերավ լեհերից, դա էլ ոչինչ։ Հայկական ֆուտբոլի տեր ու տնօրեն Ռուբեն Հայրապետյանը մի քանի դաստիարակչական ապտակ եւ աքացի կհասցնի դրանց, ֆուտբոլասերների մրմռացող սիրտը կհովանա։

Ամեն ինչ լավ է լինելու, չտխրեք։ Մի-երկու տասնամյակ հետո չորս միլիոն ենք դառնալու, ու բոլորս ավտո ենք ունենալու։