06.10.2017 16:31

2018-ին 600 պայմանագրայիններ կաշխատեն ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը երկարացնելու համար

2018-ին 600 պայմանագրայիններ կաշխատեն ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը երկարացնելու համար

Այսօր կայացել է հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետների եկարացման հարցով համատեղ համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստին մասնակցել են ռուսական «Ռոսատոմ» ընկերության, Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների պահպանման նախարարության, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության հարցով հանձնաժողովի, ՀԱԷԿ ներկայացուցիչներ: Նիստի մասնակիցները, ըստ «Ռոսատոմի» հաղորդագրության, քննարկել են 2017-ին իրականացված նախազգուշական վերանորոգման աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ եկող տարիներին նախատեսվող ատոմակայանի սարքավորումների փոփոխման եւ արդիականացման աշխատնքների գրաֆիկն ու ծավալները:

Քննարկվել է նաեւ ատոմակայանի աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար ՀԱԷԿ-ի հարակից տարածքում ենթակառուցվածքների վերականգնման հարցը:  Մասնավորապես, նշվել է, որ արդեն վերականգնվել է Արմավիր-Արշալույս երկաթգծի մի հատվածը: Ռուսաստանցի մասնագետների հաշվարկներով, միայն 2018 թվականին ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործումը երկարացնելու համար աշխատանքներ են իրականացնելու 600 պայմանագրային աշխատողներ, այդ թվում՝ Հայաստանից: Նշվում է, որ «Ռոսատոմ»-ն ու Հայաստանը համագործակցում են տարբեր հարցերի շուրջ, սակայն համագործակցության առանցքը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգոբլոկի շահագործման երկարացմանն ուղղված ջանքներն են: