07.10.2017 17:50

Արսեն Գրիգորյան. Անբովանդակ քաղաքացին

Արսեն Գրիգորյան. Անբովանդակ քաղաքացին

Նորքի 4-րդ զանգվածի «Ծիածանում» կարագը թանկացել է միանգամից 1500 դրամով։ Ահաբեկված «մասիվցիների» մոտ ոչ մի հարց չի առաջացել։ Նրանք ընտրել են տագնապին հակազդելու խորհրդային տարբերակը՝ ավելի շատ կարագ են գնել՝ ենթադրելով, որ «հեսա դա էլ չի լինելու»։

Մեր քաղաքացիները պարտավոր չեն հարցեր ունենալ։ Բայց, եթե ոչ ոք նրանց հաշվետու չէ, նրանք մի օր էլ «պարտավոր» չեն լինի լինել քաղաքացի։ Մեր քաղաքացիներն իրավունք ունեն ահաբեկվելու։ Բայց նրանց գործը խանութները կարագից դատարկելը չէ։ Մի ծեր կին տեսնելով 2700 դրամից 4200 դրամ դարձած կարագը, խանութի վաճառողներին ասել է՝ պետությունը մի կողմից, դուք՝ մյուս։ Այսինքն, պետությունն էլ է թանկացնում, դուք էլ։ Հենց սա նկատի ունենք, երբ ասում ենք, որ քաղաքացին պարտավոր չէ հարցեր ունենալ։ Բայց նա պարտավոր չէ, եթե պատասխանները նրան մատուցում են սկուտեղի վրա։ ՏՄՊՊՀ-ն թանկացման մասին ցանկացած «ահաբեկչության» հակադարձում է՝ ամբողջ աշխարհում է թանկանում։ Սա ահաբեկվող քաղաքացու ատամները հաշված հաշվետվություն է։ Աշխարհում կարագն ու նավթը չեն թանկացել։ ՏՄՊՊՀ-ն գիտի, որ իր հայտարարությունը բոլոր լրատվամիջոցները կմատուցեն։ Ու գիտի, որ Հայաստանում վաղուց ոչ մեկը իր օրվա գոյության իրավունքի համար ոտքի չի կանգնում։ Բացարձակապես ոչ մեկը։

Հայաստանում ոտքի կանգնող մարդ չկա, նույնիսկ եթե կան մարդիկ, որոնք ոչ մի օր չեն նստել։ ՏՄՊՊՀ-ն իրեն ընկալում է Ելքի եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցության այն տրամաբանության մեջ, որ իշխանությունը լեգիտիմ է։ Ոչ ոք Հայաստանում չի վիճարկում, որ իշխանությունը լեգիտիմ չէ։ Հետեւաբար ՏՄՊՊՀ-ի հանցավոր սուտը նույնպես չի վիճարկելու։ Որովհետեւ ոչ ոք պատասխան չի տալիս։ Սպիտակագլուխ անգղերի սպանության մասին ոստիկանության պարզաբանումը ինչպե՞ս վիճարկես։ Մարդը՝ հանրապետական որսորդը, ակնհայտորեն ստում է, երբ ասում է՝ ճանապարհին քցած էր, որոշեցինք նկարվել։ Նույնիսկ Աֆրիկայում անգղները ճանապարհին քցած չեն։

Դասականը ժամանակին ասում էր՝ Հայաստանը խորություն ունեցող երկիր է։ Սարքել են տափակ երկիր։ Առաջին պլանում իշխանության տափակություններն են։ Ստում են ամեն ինչի մասին։ Բայց որպեսզի սուտը չվիճարկվի, փակել են լրագրություն ստեղծելու բոլոր օղակները։ Եվ դեռ մտադիր են ավելի սեղմել։

Ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ։ Քաղաքացին՝ նույնպես։ Հենց սա է իշխանության հաղթանակը։ Նա հասել է անպատասխանատու քաղաքացի ունենալու հաճույքին։ Անպատասխանատու քաղաքացին անբովանդակ է։ Նրան իսկապես պարտավոր չես զեկուցել։ Ինչեր մարսեց իշխանությունը՝ մարտի 1, Տիգրան Սարգսյանի եւ Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալները, ուսուցիչների մասնակցությունը Հանրապետականի քարոզարշավին, Մեղրիում դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանի՝ դպրոցում ՀՀԿ-ական անդամատոմսեր բաժանելու անթաքույց հանցանքը։ Իշխանությունն այլեւս չի փորձում քաղաքացու համբերությունը։ Ինքը պարզապես հանցանք հանցանքի հետեւից է կատարում։ Ահա ինչու կարագի եւ այլ ապրանքների թանկացմանը քաղաքացին հակազդում է ահաբեկված քաղքենիությամբ՝ դատարկում է խանութները։

Ի դեպ, իշխանությունն ինքն էլ բացատրում է, թե ինչու է անարգել թանկացնում ապրանքները։ Տեսախցիկների առաջ հայտարարում է, որ այս տարի ավելացել են տրանսֆերտները Ռուսաստանից։ Ըստ իս, իշխանության տեսանկյունից շատ կարեւոր է քաղաքացուն իմունիտետից զրկելը։ Նա ստացել է Սահմանադրության տեսանկյունից անմրցունակ քաղաքացի եւ պետք է կատարի հաջորդ քայլը, չի կարող չկատարել։ Դա օրենքով բոլորին հանրապետականացնելն է։