09.10.2017 16:17

Ճանապարհ դեպի միակուսակցականություն. 1400 դպրոցի տնօրեններից 1100-ը ՀՀԿ-ականներ են

Ճանապարհ դեպի միակուսակցականություն. 1400 դպրոցի տնօրեններից 1100-ը ՀՀԿ-ականներ են

Եթե հաշվենք ՀՀԿ-ի իշխանության տարիներին այդ կուսակցությանն անդամագրված մարդկանց քանակը, Հայաստանի բնակչության թիվը կգերազանցի: Այս մասին «Հոդված 3» լրագրողական ակումբում հրավիրված՝ հանրակրթության կոսակցականացման խնդրին նվիրված քննարկման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, հաճախ նույն մարդը մի քանի անգամ է անցնում «կուսակցականացման» գործընթացը:

Քննարկման առիթ էր դարձել օրերս Մեղրի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանի արած հայտարարությունն այն մասին, որ իրենց դպրոցում ՀՀԿ կուսբջիջ է գործում, որը նիստերն անցկացնում է դպրոցի շենքում:

Արամ Մանուկյանը նախ, հիշեցրեց, որ 90-ականներին որեւէ դպրոցի տնօրենի կամ ուսուցչի իշխող կուսակցության անդամ չէին դարձնում, ի տարբերություն այսօրվա, երբ 1400 դպրոցների տնօրեններից շուրջ 1100-ը ՀՀԿ անդամներ են:

«Սա դեպի միակուսակցականութան տանող ուղի է, սա նեոբոլշեւիզմ է: Չգիտեմ՝ Հյուսիսային Կորեայում էսպիսի բան կա, թե ոչ», - ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ համատարած ՀՀԿ-ացում է տեղի ունեցել նաեւ բարձրագույն կրթության ոլորտում՝ բոլոր բուհերի խորհուրդների ղեկավարները ՀՀԿ-ն ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար եւ այլն: Ընդ որում, այս մարդիկ բուհական խորհուրդներում նախագահում են ի պաշտոնե:

Արամ Մանուկյանը նկատեց նաեւ, որ բուհերում կուսակցական եւ քաղաքական վերահսկողության գործիք է դարձել նաեւ երիտհհկ-ական Կարեն Ավագյանի գլխավորած «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը», որը տարեկան 200 ուսանողի կրթաթոշակ է տալիս, որը ձեւավորվում է բուհերի՝ հիմնադրամին վճարած գումարների հաշվին: Իսկ բուհերի ֆինանսների մոտ 85 տոկոսը, ըստ Մանուկյանի, ձեւավորում են հենց ուսանողները: Այսինքն, ուսանողները գումարներ են վճարում բուհերին, բուհերն էլ այդ գումարների մի մասը փոխանցում են փաստացի ՀՀԿ-ական վերահսկողության տակ գտնվող «ՀԵՀ», որտեղից էլ գումարները բաշխվում են կրթաթոշակների, տարատեսակ ուսանողական միջոցառումների անցկացման վրա:

«Եվ սա ոչնչացնում է ոչ միայն կրթական համակարգը, այլեւ քաղաքական համակարգն ընդհանրապես», - նշեց Արամ Մանուկյանը:

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր հերթին նշեց, որ դեռ 2007-ի տվյալներով, դպրոցների տնօրենների 70 տոկոսը ՀՀԿ անդամներ են, իսկ նրանց կեսը կուսակցության անդամ էր դարաձել հարցմանը նախորդող վերջին վեց ամիսների ընթացքում: Բարսեղյանը նշեց, որ, թեեւ հատկապես իշխանության ներկայացուցիչները քննադատում են նման մոտեցումը, բայց վիճակն այնպիսին է, որ պետք է գնալ ծայրահեղ միջոցների եւ արգելել կրթության ոլորտի մասնագետներին կուսակցական եւ քաղաքական գործունեությամբ զբաղվել առհասարակ:

Անդրադառնալով ամիսներ առաջ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի շրջաբերականին, ըստ որի՝ կտրուկ արգելվում էր դպրոցներում քաղաքական գործունեությամբ զբաղվելը, Բարսեղյանը ասաց, որ ՀՀԿ-ական դպրոցի տնօրենները, թերեւս, «Հայ Հարմարվողական Դաշնակցությունը ներկայացնող նախարարի ասածը բանի տեղ դնելու» պատճառ չունեն: