10.10.2017 13:39

Փորձագետ. Իրանի հետ գործարքից Թրամփի դուրս գալն անկանխատեսելի հետևանքներ կունենա

Փորձագետ. Իրանի հետ գործարքից Թրամփի դուրս գալն անկանխատեսելի հետևանքներ կունենա

Իրանը կատարում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, և այն, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում դա ընդունել, կհանգեցնի Եվրոպայի հետ  ԱՄՆ-ի դաշինքի թուլացմանը և Թեհրանի, Մոսկվայի ու Պեկինի դիրքերի ուժեղացմանը: Նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների քաղաքական հարցերով նախկին փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը The New York Times թերթում հրապարակված իր հեղինակային հոդվածում:

«Իրականությունն այն է, որ միջուկային գործարքն աշխատում է՝ Իրանին ետ պահելով միջուկային զենք ստեղծելուց, հետևաբար՝ համապատասխանում է Ամերիկայի ազգային շահերին: Դա չընդունելը հեռուն գնացող հետևանքներ կունենա,- նախազգուշացրել է Շերմանը:- Նախևառաջ՝ պայմանագրից դուրս գալու որոշումը կխարխլի գործընկերների վստահությունը Ամերիկայի հանդեպ և կմեկուսացնի մեր երկիրը: Գործարքը համաձայնեցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Չինաստանի, ինչպես նաև Գերմանիայի և Եվրամիության հետ, այնուհետև այն միաձայն վավերացրել է ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ ամբողջ կազմով: Եվ այդ բոլորը, բացի ԱՄՆ-ից, ցանկանում են  գործարքն ուժի մեջ թողնել»,- ասել է նախկին պաշտոնյան:

Շերմանի կարծիքով՝ նոյեմբերին նախատեսված պեկինյան այցի ընթացքում Թրամփն արդեն իսկ «ի դեմս Չինաստանի՝ ավելի քիչ զիջող գործընկեր կգտնի» ԿԺԴՀ հրթիռամիջուկային ծրագրի հարցում: «Իրականում մենք կկորցնենք Հյուսիսային Կորեայի հետ երկխոսություն սկսելու վերջին հնարավորությունը, քանի որ Փհենյանը կհամարի, որ Միացյալ Նահանգներն իր պարտականությունները չի կատարում նույնիսկ բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում»:

Փոխանցում է tass-ը: