11.10.2017 10:15

Սերխիո Ռամոսը՝ Կավանի-Նեյմար հակամարտության, վերջին վայրկյաններին գոլ խփելու ու Զիդանի մասին

Սերխիո Ռամոսը՝ Կավանի-Նեյմար հակամարտության, վերջին վայրկյաններին գոլ խփելու ու Զիդանի մասին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն անդրադարձել է ֆրանսիական «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստներ Նեյմարին ու Կավանիին, որոնք մի շարք խաղերում վիճել են, թե ով պետք է հարված կատարի  տուգանայինից կամ 11 մետրանոցից: Ռամոսը վստահեցրել է, որ նման բան Մադրիդի «Ռեալում» տեղի չի ունենա, քանի դեռ ինքն է թիմի ավագը:

  • Նման միջադեպեր Մադրիդում տեղի չեն ունենա, քանի որ ամեն ինչ որոշվում է խաղից առաջ, ամեն ինչ նախապես ծրագրած ու համաձայնեցված: Տուգանայիններն իր վրա է վերցնում Ռոնալդուն, եթե ոչ, ապա ես եմ մոտենում գնդակին: Յուրաքանչյուր խաղից առաջ նույնիսկ երրորդ ֆուտբոլիստն է որոշվում: Կավանին ու Նեյմարը հիանալի խաղացողներ են, կարծում եմ ընդհանուր հայտարարի կգան,- նշել է Ռամոսը:

Իսպանիայի հավաքականի խաղացողը նաև արժանին է մատուցել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ու հավելել, որ մարզիչը նման հասարակ հարցերում շատ պարզ է ու ուղիղ:

  • Հիանալի հարաբերությունների մեջ ենք, ընկերական: Մի առիթով Մարադոնան ասել է. «Սև կամ սպիտակ, բայց ոչ մոխրագույն»: Սա հենց Զիդանի մասին է,- անկեղծացել է Ռամոսը:

Սերխիո Ռամոսը նաև խոսել է խաղերի վերջում իր խփած գոլերի մասին ու փորձել բացատրել, թե ինչպես է դա նրան հաջողվում:

  • Միշտ առավելագույնին եմ ձգտում, մինչև վերջին վայրկյանը պայքարելը: Դա ինձ դուր է գալիս: Եթե հնարավորություն կա, կպայքարեմ մինչև խաղի վերջին վայրկյանը: Հույսը վերջինն է մեռնում: Դա Մադրիդի ԴՆԹ-ի մեջ է, ինչպես նաև իմ: Դժվար իրավիճակներում մարդիկ կարող են ընկճվել, բայց ես միշտ հավատում եմ ու փորձում պատասխանել,- եզրափակել է Սերխիոն: