11.10.2017 14:11

ԶԼՄ. Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողը մեկ այլ զոհի վրա է «մարզվել»

ԶԼՄ. Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողը մեկ այլ զոհի վրա է «մարզվել»

ԿԺԴՀ առաջնորդի եղբոր Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող երկու կանանցից մեկը այդ սպանությունից երկու օր առաջ նույն կերպ հարձակում է գործել մեկ ուրիշ մարդու վրա, հաղորդել է Channel News Asia հեռուստատեսությունը՝ հղում անելով ոստիկանությանը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝օդանավակայանի տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է վիետնամուհի Զոան Տհի Հիոնգը ետևի կողմից մոտենում  մի անծանոթի և ինչ-որ նյութ է քսում նրա դեմքին: Օդանավակայանի նույն տերմինալում երկու օր անց նույն կերպ սպանվել էր հյուսիսկորեական առաջնորդի եղբայրը:

Անցյալ երկուշաբթի Մալայզիայում մեկնարկել է Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող երկու կանանց դատավարությունը: Դատարանը կարող է մահվան դատավճիռ կայացնել նրանց նկատմամբ, քանի որ, ինչպես պնդում են, Կիմ Չեն Նամի դեմքին քսված նյութի մեջ եղել է ուժեղ VX թունանյութ:

Ամբաստանյալները՝ 28-ամյա վիետնամուհին և 25-ամյա ինդոնեզուհին, իրենց մեղավոր չեն ճանաչում՝ պնդելով, որ իրենց վարձել են, իբր, ինչ-որ կատակ-տեսանյութ նկարահանելու համար, ու իրենք գաղափար անգամ չեն ունեցել, թե ով էր այն մարդը, որը Կուլա-Լամպուրում մահացել էր իրենց գործողությունների արդյունքում:

Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ինի ավագ եղբայրն է՝ նույն հորից, բայց տարբեր մայրերից:

Փոխանցում է ria.ru-ն: