11.10.2017 16:33

Նախարարության պարզաբանումը աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ

Նախարարության պարզաբանումը աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է տարածել՝ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին մտահոգությունների վերաբերյալ:

«Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որեւէ իրավական ակտ չկա:

Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար:

Ընդ որում` այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթեւեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացրած առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց եւ ամփոփումներից հետո սահմանված կարգով կներկայացվեն թե՛ հասարակությանը եւ թե՛ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին»,- ասված է հայտարարության մեջ: