11.10.2017 16:48

ԵՆ-ն ՀՀ-ին 15.2 մլն եվրո է տրամադրել՝ բարեփոխումների համար

ԵՆ-ն ՀՀ-ին 15.2 մլն եվրո է տրամադրել՝ բարեփոխումների համար

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարեց ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» ծրագրի մասին. 15.2 մլն եվրո արժողությամբ այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թթ-ին:

«Մեր օրակարգը հստակ է. պետք է քայլեր ձեռնարկենք և միասին աշխատենք՝ հավաստիանալու, որ երիտասարդներն ու նրանց հմտությունները ներառական զարգացման հիմքում են դրված: Համապատասխան հմտություններով երիտասարդները ավելի լավ են պատրաստված ակտիվ քաղաքացի լինելուն: Նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն լավ և հիմնավոր աշխատանք գտնելու համար: Նրանք ավելի լավ են պատրաստված իրենց սեփական բիզնեսը հիմնելու և մյուսների համար աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշում է դեսպանը ծրագրի մասին:

Ծրագրի հիմնական իրականացնողներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի կազմակերպություններն ու սոցիալական ոլորտի գործընկերներ: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը:

Բյուջետային աջակցման նոր փուլի ազդարարման հետ մեկտեղ Արմավիրի արվեստի պետական քոլեջում պաշտոնապես բացվեց սոցիալական ձեռնարկություն, որը տեղի ունեցավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակում:  Այն շոշափելի արդյունքներ է գրանցել՝ զբաղվածության հավասար հնարավորություններ ստեղծելով հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում  սոցիալական նորարարությունը խթանելու միջոցով:

Այս ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ մասնակցել է վերապատրաստման դասընթացների Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Ուսանողներից հինգն արդեն աշխատում են սոցիալական ձեռնարկության տպարանում: Ընդհանուր առմամբ, ծրագիրը ներդրվել և իրականացվել է յոթ տարածաշրջանային քոլեջներում: Բացվել է հինգ սոցիալական ձեռնարկություն, որտեղ ներկայումս աշխատում են հաշմանդամություն ունեցող քսանհինգ  երիտասարդներ: Սա օրինակ է, թե ինչպես կարելի է գործնականում հաջողության հասնել մասնագիտական կրթության, զբաղվածության և ներառական զարգացման ոլորտներում:

ՄԿՈՒ բարեփոխումների ֆորումը և սոցիալական ձեռնարկության բացումը տեղի ունեցան «Ես սիրում եմ սովորել» տեղեկատվական արշավի շրջանակում, որը նախաձեռնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: Արշավը մեկնարկել է հոկտեմբերի 9-ից 13-ը՝ մի շարք միջոցառումներով հանրությանն իրազեկելու կրթության և զբաղվածության ոլորտում ԵՄ-Հայաստան գործակցության մասին և նշանավորելու շարունակական կրթության կարևորությունը Հայաստանի քաղաքացիների համար:

 ՄԿՈՒ ոլորտում բյուջետային աջակցության ծրագիրը նշանավորում է կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությունն ու դրա արդյունքները: Այն նպատակ ունի աջակցելու Հայաստանին համապատասխանեցնել միջին մասնագիտական կրթությունը զբաղվածության ներկայիս պահանջներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը: Բյուջետային աջակցության 13 մլն եվրո բաղադրիչն ուղղվելու է ՄԿՈւ ոլորտի առաջնահերթ կարիքներին, որոնք նախանշվել են Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից, իսկ լրացուցիչ 2,2 մլն եվրոն կօգտագործվի կարողությունների զարգացման և իրականացված աշխատանքների գնահատման համար: Ծրագրի համաձայնագիրը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Բրյուսելում տեղի ունեցած ԵՀԳ/2015/038-246 ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում:

«Ես սիրում եմ սովորել» արշավը մեկնարկել է Լոռվա մարզի ՄԿՈՒ ուսանողների համար օրգանական գյուղատնտեսության մասին պրակտիկայով, որը կազմակերպել էր Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող Եվրոպական միության «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագիրը: Dasaran.am-ը կազմակերպում է դպրոցների ուսուցիչների համար քննարկում, որի շրջանակում նախատեսվում են խմբակային աշխատանքներ և ինտերակտիվ մեթոդաբանության փորձի փոխանակում, ինչպես նաև Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող հանրային կրթության վերաբերյալ E-Stat դիագնոստիկ գործիքի ներկայացում:

Իսկ ԲՈՒՀ-երի դասախոսների և ուսանողների հետ սեմինարի ընթացքում քննարկվել է ուսումնական հաստատություններում կեղծ վկայականներ և որակավորումներ շնորհելու խնդիրը: Սեմինարն անցկացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից  ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակում:

EU4Education-Կրթության ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի մասին

Վերջին 14 տարիների ընթացքում Եվրոպական միությունն ակտիվորեն աջակցել է Հայաստանի կրթական բարեփոխումների իրականացմանը համակարգի բոլոր մակարդակներում: 2016թ-ի դրությամբ 4500 ուսանող Երևանում և մարզերում գործող 17 պիլոտային քոլեջներից օգտվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ՄԿՈՒ բարեփոխումներից: 15.2 մլն եվրո ընդհանուր գումարով նոր օժանդակությունը՝ տրամադրված ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացմանը նպատակ ունի աջակցել Հայաստանին բարձրացնել աշխատաշուկայի արդյունավետությունը և խթանել զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսությանը՝ որպես երկրում առաջնային ոլորտ: Նոր ծրագիրը նպատակ ունի բարելավել զբաղվածության ոլորտում առաջարկի և պահանջարկի համակարգումը: Այն այսօր հանրությանը ներկայացվեց Արմավիրի պետական արվեստի քոլեջում տեղի ունեցած ՄԿՈՒ բարեփոխումների ֆորումի ժամանակ, որն իր հերթին հարթակ ծառայեց ոլորտում լավագույն փորձն ու մարտահրավերները ներկայացնելու համար:

ԵՄ աջակցությամբ գործող Dasaran.am հարթակը խթանում է ուսանելու նորարական մեթոդները և դրանք հասանելի դարձնում Հայաստանի բոլոր դպրոցականներին:

Erasmus+-ը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ նոր ծրագիրը, որը զբաղվում է կրթությանը և վերապատրաստմանը, ինչպես նաև երիտասարդությանն ու սպորտին առնչվող հարցերով, իրականացվում է 2014-2020 թթ-ին՝ ուսանողներին և դասախոսական անձնակազմին հնարավորություն  տալով  գիտելիք և փորձ փոխանակել Եվրոպայի առաջատար համալսարաններում: 2018թ-ի վերջին Հայաստանից մոտ 700 ուսանողներ և դասախոսներ ԵՄ դրամաշնորհներ կստանան Եվրոպայում ուսանելու և դասավանդելու համար:

«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից, նպատակ ունի Հայաստանում ամրապնդել ակադեմիական ազնվությունն ու պայքարել կոռուպցիայի դեմ՝ խթանելով ՀՀ կառավարության 2015-2018 թթ. հակակոռուպցիոն գործողությունների պլանը:  

 Հայաստանում ԵՄ պատվիրակություն