11.10.2017 17:05

Արսեն Գրիգորյան. Մեղք է Սերժ Սարգսյանը

Արսեն Գրիգորյան. Մեղք է Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանի հանդեպ Էդուարդ Շարմազանովի հիացական եւ «անձի պաշտամունք» մատնող մտքերը միայն ապագայում կգնահատվեն որպես խելագարություն: Առայժմ մեր ԶԼՄ-ներն այդ մտքերը հրապարակում են որպես կարեւոր տեղեկություն: ԱԺ փոխնախագահը Սերժ Սարգսյանին բնորոշում է  որպես մի առաջնորդի, որի նման մեկ այլ գործիչ չկա, որը կկարողանա անվտանգության եւ քաղաքական մարտահրավերների դիմակայումն ավելի լավ կազմակերպել:

Մարտահրավերի եւ անվտանգության քո ելակետը ո՞րն է, որին կարող է դիմակայել կուռքը: 90-ականներին այսպիսի Հայաստանին Հայաստան չէին ասի, նույնիսկ ղարաբաղյան պատերազմի այն օրերին, երբ թվում էր, թե պետության տեղը սեւ խոռոչ է: Տղա ջան, հիմա փախչում են բոլորը, որոնք ֆիզիկական արժեք կարող են ստեղծել, իսկ չստեղծողները քեզ նման զբաղված են կռապաշտությամբ: Ցույց տուր քաղաքական այն մանեւրը, որի շնորհիվ այսօր Հայաստանն ավելի լավ վիճակում է, քան երեկ: Լրատվական դաշտի օկուպացումով Սերժ Սարգսյանից ստացել եք անքննելի առաջնորդ: Թե՞ այսօրվա խորհրդարանն է անվտանգության դիմակայության փայլը:

 Սերժ Սարգսյանի օրոք խորհրդարանից վերացավ քաղաքական խոսքը: Եթե քաղաքական խոսք լիներ, դու նման միտք չէիր հնչեցնի մարդու մասին: Չէ՞ որ անքննելի հիացմունքը մարդուն դարձնում է անկառավարելի: Արդեն իսկ ամբողջ ՀՀԿ-ն անկառավարելի է, մինչդեռ ձեր հասցեին չկա այն հիացմունքը, որը դուք ունեք Սերժ Սարգսյանի հանդեպ: Այս պատմության մեջ ամենատհաճն այն է, որ սոված չմնալու ձեր մղումն եք դրել «քաղաքական» սազանդարության հիմքում: Սերժ Սարգսյանը կապ չունի այն ամենի հետ, ինչն ասում եք նրա մասին: Դուք դա Էրդողանի մասին էլ կասեիք, եթե հացի տերն ինքը լիներ: Սերժ Սարգսյանի չգիտի, որ ինքը առաջնորդ չէ, չգիտի նաեւ, որ խելքի տոպրակ չէ: Դուք գիտեք: Սա է ձեզ տարբերում նրանից: Ու ձեր արածի վտանգը նրան այդ ամենում համոզելն է: Ավելի վատ Հայաստան չենք ունեցել, դուք ուզում եք ասել, որ Հայաստանն ավելի վատը լինելու մեծ պոտենցիալ ունի: Մարդ ձեր երեւակայության անպատկառության հետեւից չի հասցնում, ինչպես մեր քաղաքացիները չեն հասցնում թանկացումների հետեւից: Դուք մի մարդու հագով կուսակցություն եք կարել՝ առանց հաշվի առնելու, որ էդ մարդը մահկանացու է: Ընդ որում, ձեր հիացմունքը պետության վիճակի հետ չի խոսում: Խնայեք էս ժողովրդին:

Ե՞րբ եք սովորելու ձեր պաշտամունքին նայել նրա աչքով, ով ճամպրուկներն է հավաքում, մեկ ձեռք ունեցող այն հաշմանդամի աչքով, ով երեք տարին մեկ պետք է ներկայանա համապատասխան համայնքի սոցիալական բաժին, որ ցույց տա, թե էդ ձեռքը չի աճել, նրա աչքով, ով հերթական բիզնեսն է փակում, մարդու աչքով, որը բանտում է հայտնվել մի շիշ մածուն գողանալու համար ու արդեն 8 տարի սպասում է համաներման: Մեղք է Սերժ Սարգսյանը: Պատմությունը նրան է հողին հավասարեցնելու, ոչ թե ձեզ: Որովհետեւ նրան եք բարձրացրել քարկոծվելու համար, ոչ թե ձեզ: Մի արեք նման բաներ: Ի վերջո, իրավիճակն ավելի է վատանալու: Չկասկածեք: Ու ձեր հիացմունքը չի սասանվելու դրանից: Բայց արդյո՞ք մի ամբողջ պետություն պատրաստ է ապագայի աչքերի մեջ նայել որպես խելագարի: