12.10.2017 13:10

Վահան Թումանյան. Ստատուս-քվո եւ հեռանկար

Վահան Թումանյան. Ստատուս-քվո եւ հեռանկար

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման հետ կապված ՝ վերստին աշխուժանում են խոսակցությունները, թե հնարավոր է ստատուս-քվոյի փոփոխություն: Ակնարկներ կան, որ, իբր, Ղարաբաղի կարգավորման երկու՝ Լավրովի եւ Թիլերսոնի «պլան» գոյություն ունի, առաջինը ձեռնտու է Հայաստանին, երկրորդը՝ Ադրբեջանին: Տեղի է ունենում հերթական մանիպուլյացիան. Ղարաբաղի կարգավորման մեկ «պլան» գոյություն ունի՝ մադրիդյան սկզբունքները: Իսկ դրանք ենթադրում են ստատուս-քվոյի փոփոխություն: Ասել է թե՝ մտավարժանքների կարիք չկա, խնդիրը միջազգայնորեն ձեւակերպված է հստակ: Կողմերին մնում է հայտարարել՝ պատրա՞ստ են այդ սկզբունքներով գնալ կարգավորման, թե՞ ոչ: Ստատուս-քվոն պահելու դեպքում ի՞նչ է շահում Հայաստանը:

Գործնականում անհեռանկարային է պատկերացումը, որ աշխարհում շուտով սկսվելու է անկախության շքերթ: Քրդստանի եւ Կատալոնիայի հանրաքվեներին հաջորդած իրավիճակը հակառակն է փաստում: Չնայած քաղաքական հայտարարություններին՝ ոչ Քրդստանում, ոչ Կատալոնիայում իրավական քայլերի չեն դիմում եւ անկախություն չեն հռչակում: Այդ պաուզան թույլ է տալիս ենթադրել, որ քրդերը եւ կատալոնացիները պահում են Բաղդադի եւ Մադրիդի հետ համաձայնության գալու հնարավորությունը:

Ըստ երեւույթին՝ հարցերը կարգավորվելու են բանակցությունների միջոցով, որովհետեւ միջազգային հանրության կոնսոլիդացված վերաբերմունքը դա է պահանջում: Այսինքն՝ ստեղծվում է հակամարտությունների կարգավորման, ոչ թե միակողմանի անկախության հռչակման նախադեպ: Դա, ամենայն հավանականությամբ, իր ազդեցությունն է թողնելու նաեւ ղարաբաղյան կարգավորման վրա: Այս իմաստով քաղաքական եւ փորձագիտական շրջանակները պետք է խորամուխ լինեն մի հարցում՝ ի՞նչ է տալիս եւ ի՞նչ է մեզնից խլում ստատուս-քվոն, ո՞րն է Հայաստանի եւ Ղարաբաղի հեռանկարը:

Ընդ որում՝ պատասխան որոնելիս հարկ է վեր կանգնել ավելորդ զգացմունքայնությունից, խուսափել պատմական արդարության եւ այդ կարգի այլ հասկացությունների շուրջ վերամբարձ դատողություններից: Ակնհայտ է մի բան՝ Մերձավոր Արեւելքում հանգուցալուծումը մոտենում է, գալիս է նոր համաձայնությունների ժամանակը: Ո՞րն է Հայաստանի տեղը, պայմանականորեն ասած՝ այդ նոր աշխարհակարգում: Ստատուս-քվոն հաստատ սահմանափակում է սկզբունքային ընտրություն կատարելու մեր հնարավորությունը: Ղարաբաղի հարցի կարգավորումը բացում է Հայաստանի եւ իր՝ Ղարաբաղի հեռանկարը: