12.10.2017 15:14

ԵԽԽՎ-ն քննարկեց Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը

ԵԽԽՎ-ն քննարկեց Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը

Երեկ ԵԽԽՎ-ում «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով քննարկման ժամանակ բարձրաձայնվել են մի շարք խնդրահարույց հարցեր, հատկապես՝ հարցեր, որոնք վերաբերում են Ադրբեջանում զսպումների եւ հակակշռումների մեխանիզմներին, արդարադատության համակարգի գործունեությանը, ինչպես նաեւ ազատ կամարտահայտությանը:

Ըստ ԵԽԽՎ կայքի՝ Վեհաժողովը պատգամավորներ Ստեֆան Շեննախի (Ավստրիա) եւ Սեզար Ֆլորին Պրեդայի (Ռումինիա) հեղինակած բանաձեւում նշում է, թե Ադրբեջանում կայացած վերջին սահմանադրական փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ «գործադիր իշխանությունը ավելի քիչ կենթարկվի օրենսդիրին»: Վեհաժողովը նաեւ ընդգծում է գործադիր իշխանության հանդեպ խորհրդարանի վերահսկիչ գործառույթ մշակելու անհրաժեշտությունը:

Վեհաժողովը նաեւ համարում է, որ Ադրբեջանում արդարադատության համակարգը պետք է լինի «իրապես անկախ, անաչառ եւ ազատ» եւ զերծ՝ գործադիր իշխանության միջամտությունից: Վեհաժողովը նաեւ մտահոգություն է հայտնել «2012-2014 թվականների ընթացքում փողերի լվացման խոշորամասշտաբ սխեմաներին Ադրբեջանի կառավարության առնչության մասին» հաղորդումների կապակցությամբ, որը, մասնավորապես, ազդել է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Վեհաժողովի պատգամավորների աշխատանքի վրա: Վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին այդ հաղորումների կապակցությամբ անհապաղ անկախ եւ անաչառ քննություն սկսել:  

Ողջունելով 2016-2017 թվականների ընթացքում որոշ անկախ «քաղբանտարկյալների/խղճի բանտարկյալների» ազատ արձակումը՝ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել իրավապաշտպանների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների եւ բլոգերների հանդեպ իրականացվող հետապնդումների եւ ձերբակալությունների մասին հաղորդումների, ինչպես նաեւ «կարծիքի ազատ արտահայտման սահմանափակման հարցում քրեական օրենսգրքի կամայական կիրառման» կապակցությամբ: ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին «օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ այն ազատազրկվածներին ազատ արձակելու համար, որոնց ազատազրկումը հիմնավոր կասկածներ է առաջացնում»:

Ընդունված բանաձեւը  կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին օպերատիվ կերպով ապահովել ՄԻԵԴ որոշումների ամբողջական ի կատար ածումը, ուժեղացնել գործադիր իշխանության հանդեպ խորհրդարանական վերահսկողությունը, շարունակել դատական համակարգի եւ դատախազության բարեփոխումները՝ դատական մարմինների լիակատար անկախությունն ապահավելու համար, դադարեցնել իրավապաշտպանների, ԶԼՄ-ների եւ կառավարությանը քննադատողների հանդեպ սիստեմատիկ ճնշումները, այդ թվում քաղաքական դրդապատճառներով դատական հետապնդումները, եւ հնարավորություն ընձեռել ՀԿ-ներին եւ ԶԼՄ-ներին գործունեություն ծավալել: