12.10.2017 15:41

Լիզա Ճաղարյան. Երեկ. Խելապակաս թափթփուկների ժամանակը

Լիզա Ճաղարյան. Երեկ. Խելապակաս թափթփուկների ժամանակը

Աստիճանաբար գիտակցում եմ, որ նախորդ օրվա հայաստանյան անցուդարձին անդրադառնալու մտադրությունս ամեն անգամ անանցանելի պատի է բախվելու։

Բթության, լկտիության, անպատժելիության զգացումից հղփացածների պատին։

Ու «երգս» ձանձրալի, տաղտկալի կրկներգ է դառնալու։

Վթարներ ու զոհեր, զինվորի մահ, չմարող կսկիծ, գզվռտոցներ Ազգային ժողովում, Գալուստ Սահակյանի ու Շարմազանով Էդիկի պայքար, թե իրենցից որ մեկն ավելի լպրծուն կբարձրաձայնի իրենց կուսակցության ղեկավարի անփոխարինելիության մասին...

Եվ անհուսություն։

Պատ։

Կանգնիր այդ պատի դիմաց ու հայհոյիր սրտիդ ուզածի չափ։ Անզորությունից։

Բայց հայհոյելու կարողություն ունենալու համար առնվազն բնիկ էրեւանցի իգիթյանլեւոն պետք է լինես։ Կամ՝ բոլոր մայրաքաղաքապետներին ցմահ սոսնձված Արեյան Կամո։ Կամ՝ «զտարյուն» թափթփուկի պես այլ կանանց հայհոյող եւ իրենք իրենց տղամարդ երեւակայողների պահվածքից գետինը մտնելու փոխարեն՝ հրճվանքից հալվող կնատեսք արարած։ Կամ՝ կանանց հայհոյող խուլիգանների նողկանք հարուցող պահվածքից օրեցօր փքվող Մարգարյան Տարոն։ Կարեւորը՝ հանուն իրե՛ն են հայհոյում։

Իսկ Մարգարյան Տարոնի մեջ եթե մի կաթիլ տղամարդկություն լիներ, խստորեն կսաստեր իր «հաբռգած» մանկլավիկներին, եւ ինքնագոհությունից փքվելու փոխարեն՝ սրա կարմիր, բտած թշերն ավելի կկարմրեին ամոթից ու անպատվությունից, թե այդ ինչ խաժամուժ է հավաքել իր շուրջը՝ «ավագանի» բարձրահունչ անվամբ։ Բայց ո՞նց ամաչի, եթե չի գիտակցում, որ կատարվածն ամոթալի բան է, որ խայտառակություն է, որ իրեն՝ Մարգարյան Տարոնին պաշտպանելու այդ փորձերն անսեռ խեղկատակ են դարձնում հենց իրեն՝ այդ Մարգարյան կոչեցյալ Տարոնին։

Որպեսզի ամաչեր, նախ՝ այն շարադրությունը, որի միջոցով գիտության թեկնածու դարձավ, ի՛նքը գրած կլիներ եւ ստիպված չէր լինի, այսպես կոչված՝ դիսերտացիայի պաշտպանության ժամանակ, սեփական անգրագիտությունը թաքցնելու համար, լրագրողներից բարիկադավորվելու։ Որպեսզի ամաչեր՝ սովորականից առավել սովորական եւ կենսագրական կասկածելի խութերով իր հոր գերեզմանը Մաո Ցզե Դունի մակարդակի դամբարան չէր դարձնի՝ Հայոց մեծերի համեստագույն շիրիմների հարեւանությամբ։ Որպեսզի ամաչեր, կհիշեր, թե իր քաղաքապետության օրոք քանի-քանի կանաչ տարածք է անապատ դարձել, քանի-քանի անճոռնի բարձրահարկ է այլանդակում այսօր Երեւանի կենտրոնն, ու քանի-քանի «սարայ» է քանդվել երկու հազար չգիտեմ քանի տարեկան մայրաքաղաքում՝ հանրապետական «ավագանու» իր անձնական օգտագործման անդամների նմաններին առեւտրի «օբեկտների» տեր դարձնելու համար։ Եվ ընդհանրապես, եթե ամաչեր՝ հիմա իր հայրենի Ավան թաղամասում գլուխը կախ թաղապետ կաշխատեր ու ամեն առավոտ հայելու առաջ կնայեր ինքն իրեն ու կասեր՝ բախտ եմ ասել, է՛։

Բայց՝ ոչ։ Մարգարյան Տարոնի գորշ ու գաղջ դեմքով է մեր երկրի քաղաքացիներին ու աշխարհին ներկայանում Հայաստանի մայրաքաղաքը, եւ բնական է, որ նրա «շրջակա միջավայրը» պետք է լիներ այն խաժամուժը, որն իր ողջ պերճանքով ու թշվառությամբ փայլատակեց երեկ։

Եվ կփայլատակի վաղը։

Գյադաների ժամանակից սահուն քայլերով հասել ենք խելապակաս թափթփուկների ժամանակին։

Սրանից հետո՞ ուր ենք հասնելու։

Իմ երեւակայությունն աղքատիկ է՝ պատկերացնելու համար։

Ա՛յ, ՀՀԿ-ի անփոխարինելի առաջնորդը եթե մի քիչ ավելի ուշադիր լինի, կնկատի, որ Տարոնի մանկլավիկներն առավե՛լ «անձնազոհաբար» են քծնում իրենց տիրոջը, քան գալուստ-շարմազանովները՝ իրեն։

Անհարմար բան է ստացվում։ Ոնց որ թե։