13.10.2017 13:37

Առաքել Թավրիզյան. Էլիտար մանկամտություն

Առաքել Թավրիզյան. Էլիտար մանկամտություն

ԱԺ եւ իշխող հանրապետականի փոխնախագահ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Մակարովի հետ հանդիպմանը խոսել է պետական գործիչ Լորիս Մելիքովի մահվան 130-րդ տարեդարձը նշելու մասին: Երբ առօրյայում հպարտանում ենք, որ աշխարհին հայազգի պետական, ռազմական գործիչներ, գիտնականներ ու արվեստագետներ ենք տվել՝ դեռ կարելի է հասկանալ: Անպատկերացնելին Շարմազանովի մանկամտությունն է: Մի՞թե նրան թվացել է, թե Սանկտ Պետերբուրգում չգիտեն Լորիս Մելիքովի մասին, տեղյակ չեն Ռուսաստանի պատմությանը: Ի՞նչ է ակնարկել Շարմազանովը: Որ հայերը Ռուսաստանի կյանքում մեծ դերակատարությու՞ն են ունեցել: Բայց մի՞թե դա կարող է հայ-ռուսական ներկայիս հարաբերություններում նշանակություն ունենալ՝ ինչպես հասկացել է լրատվամիջոցներից մեկը:

Եթե այդպես է՝ ավելի վատ Շարմազանովի եւ իշխող հանրապետականի համար, որովհետեւ միջպետական գործերում նման լեզվով առհասարակ չի կարելի խոսել: Լորիս Մելիքովը, Ռուսաստանի՝ ազգությամբ հայ մյուս բոլոր պետական, ռազմական գործիչները ռուս իրականության ծնունդ են, Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ կապված են միայն էթնիկ ծագման մասին հիշողությամբ: Եւ նրանց ներկայացնել որպես Ռուսաստանին հայ ժողովրդի կողմից արված «նվեր»՝ պարզապես տգեղ է: Տգեղ է նաեւ, երբ Շարմազանովը հիշեցրել է, որ Լենինգրադի երկինքը պաշտպանել է Նելսոն Ստեփանյանը, իսկ Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին: Խորհրդային բանակի օդաչու Նելսոն Ստեփանյանը կատարել է զինվորականի, Օրբելին՝ գիտանականի պարտքը: Անցյալը հիշեցնելու կարիք չկա: Հարկավոր է խոսել ներկայից: Իշխող էլիտան Սանկտ Պետերբուրգի հետ երկխոսության օրվա նյութ եւ թեմա չունի՝ անցել է պատմական սպեկուլյացիաների: Ահա թե որ աստիճանի գավառամիտ է իշխող կուսակցությունը:

Դատելով Շարմազանովի ոճից՝ կարելի է պատկերացնել, թե առհասարակ ինչ մակարդակի վրա է ներկայիս հայ-ռուսական երկխոսությունը: Այդպես խոսում են փողոցում: Եւ եթե Սանկտ Պետերբուրգը համարժեք պատասխանի, հանրությունը պետք է հաշիվ պահանջի ԱԺ եւ հանրապետականի փոխնախագահ Շարմազանովից, որ վաղն էլ կարող է վրացական կողմի հետ հանդիպմանը հիշեցնել, որ Թիֆլիսի քաղաքապետի պաշտոնում ավելի շատ հայ է ընտրվել, քան՝ վրացի: Երեւում է, այդ էլիտար մանկամտությունն է այսօր Հայաստանում իշխում: