14.10.2017 12:25

Սերգո Տոնոյան․ «Երեւան. Անորոշ տարիք»

Սերգո Տոնոյան․ «Երեւան. Անորոշ տարիք»

Երեւանը 2799 տարեկան չէ։ Սա սուտ է, որ համառորեն մատուցում ենք ե՜ւ մեզ, ե՜ւ զբոսաշրջիկներին։

Նախ, ինչու՞ ենք Էրեբունի ուրարտական քաղաք-ամրոցի հիմնադրումը համարում Երեւանի սկիզբը կամ ծնունդը։ Եթե հնությունը շեշտելու համար, ապա մի՞թե բրոնզեդարյան Շենգավիթ բնակավայրն ավելի հինը չէ։ Ինչո՞ւ հիմք չենք ընդունում նախորդի հիմնադրման՝ թեկուզեւ մոտավոր թվականը կամ, առնվազն, դարաշրջանը, չէ՞ որ ավելի հին կստացվի։ Ուրեմն՝ տարիքի հարցը չէ։ Այս 2-3 հազար տարին բավարար է հին կոչվելու համար, հատկապես՝ եթե կա արձանագրված գեղեցիկ պատմություն՝ «բարի եւ խիզախ արքայի ու նրա կառուցած քաղաքի մասին»։

Պետք է նկատի ունենանք, որ Խորհրդային Միությունում քաղաքի տոնը՝ «տարիքը» շեշտելով եւ հանդիսավորությամբ անցկացնելու ավանդույթի առաջնեկը Մոսկվան է, որը 1947թ․ նշեց հիմնադրման 800-ամյակը։ Շուրջ 20 տարի անց, 1968թ., Երեւանում անցկացվեցին հիմնադրման 2750-ամյակին նվիրված տոնակատարումներ, երբ արդեն պեղումներից հետո Էրեբունի բնակավայրի միջնաբերդը մասնակի վերականգնվել էր, իսկ ստորոտում բացվել էր թանգարանը։ Մինչ օրս էլ այստեղ բեմականացվող ներկայացումով սկիզբ առնող միջոցառումը տարածվում է դեպի քաղաքի խորքը եւ վերածվում տարբեր տեսակի հանդիսությունների, որոնց թվում բացօթյա համերգներ են, քայլերթեր, նվագախբեր, տարատեսակ ցուցահանդեսներ եւ այլն։ Սրանք, ի դեպ, բնորոշ են աշխարհի գրեթե բոլոր քաղաքներին։ Սակայն, ի տարբերություն այլ քաղաքների, որոնք իրենց քաղաքային գլխավոր տոնակատարությունները իրականացնելու առիթ են ընտրել այլ հանդիսություններ (օրինակ՝ Փարիզում, 1789թ․ հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման կապակցությամբ են անցկացնում քաղաքի տոնը), Երեւանի համապատասխան ծեսը Արգիշտիի թողած արձանագրության պատմությունն է։ Նկատենք նաեւ, որ այսկերպ ենք մտածում եւ գործում շուրջ կես դար։ Միգուցե մի փոքր ավելի, բայց դա արդեն միայն մասնագիտական միջավայրում, այլ ոչ՝ համընդհանուր։

Էրեբունու եւ Երեւանի ամենահզոր կապը հավանաբար լեզվական է։ Նույնիսկ եթե անքննելի համարենք Էրեբունու՝ «բ»-ն «վ»-ի վերածվելու հանգամանքը եւ բացառապես լեզվի տեսանկյունից Երեւանը համարենք Էրեբունու ժառանգը, միեւնույն է, բրոնզեդարյան բնակավայրում ուրարտական արքայի կառուցած քաղաք-ամրոցի եւ այսօրվա Երեւանի միջեւ բացակայում է անհրաժեշտ օրգանական կապը, որպեսզի դիտարկենք դրանք մեկ ամբողջության մեջ։ Այլապես, հետագա քաղաքը պետք է զարգանար ուրարտական այդ բնակավայրի շուրջը կամ հարեւանությամբ։ Իսկ դրա փոխարեն մենք տեսնում ենք, որ ուրարտական Էրեբունու հիմնադրումից 100 տարի անց արդեն, այսօրվա Երեւանի զբաղեցրած տարածքում ի հայտ է գալիս մեկ այլ, նույնօրինակ պատմամշակութային արժեք ունեցող բնակավայր (ի դեպ՝ կրկին նախաուրարտական շերտ ունեցող բնակավայրում)։ Եւ որքան էլ Էրեբունու գոյությունը, դերն ու նշանակությունը շարունակել է առաջնային մնալ Արեւելյան Հայաստանի տարածքում Աքեմենյան տիրապետության շրջանում, այդուհանդերձ հաջորդիվ՝ Երվանդունիների, Արտաշեսյանների եւ Արշակունիների հարստությունների կառավարման ավելի քան 6-7 հարյուրամյակները ընդգրկող ժամանակահատվածում Երեւանում աշխույժ բնակավայրի գոյությունն ապացուցող արժանահավատ հետք չկա։ Իսկ վաղ միջնադարից սկսվող հիշատակություններն ու եզակի կառույցների աշխարհագրությունը ուրարտական բնակավայրերից բավական հեռու են։

5-րդ դարից այսօրվա Երեւանի զբաղեցրած տարածքում բնակության ակտիվություն է նկատվում քաղաքի կենտրոնական հատվածում (նկատի ունենք՝ Մոսկվա կինոթատրոնի տեղում եղած Պողոս-Պետրոս եկեղեցին)։ Բացի այդ, 6-7-րդ դարերում իր պատմական դերակատարությունն ունեցող բնակավայր է Ավանը՝ հայտնի 591 թ․ կառուցված քաղկեդոնական կաթողիկոսական տաճարով եւ ավելի վաղ կառուցված երկու միանավ բազիլիկներով։ 7-րդ դարից սկսած, արաբական արշավանքների առնչությամբ, պատմագիրները հիշատակում են Երեւանի բերդի գոյության մասին, որի տեղակայման վայրը պետք է համարենք կա՜մ 16-րդ դարում վերակառուցված բերդի տեղը (ներկայիս՝ Երեւանի Նոյ կոնյակի եւ գինու գործարանի տեղում), կա՛մ Ծիծեռնակաբերդի տարածքում։ Սակայն որեւէ վկայություն այն մասին, որ միջնադարյան Երեւանի կորիզը ուրարտական բնակավայր Էրեբունու շուրջն է կազմավորվել, հաստատապես չկա։ Միջնադարում, եւ՛ ուրարտական, եւ՛ անգամ նախաուրատական՝ բրոնզեդարյան բնակավայրերը առանձին գյուղերի ձեւով գոյություն են ունեցել, սակայն Երեւանը չի զարգացել եւ ձեւավորվել դրանցից որեւէ մեկի շուրջը։

Սկսած 16-րդ դարից՝ Արեւելյան Հայաստանի հիմնական մասը գրեթե նույն տարածքով վարչատարածքային միավոր է՝ Երեւան կենտրոնով: 1375-1502թթ. թուրքմենական կարա եւ ակ կոյունլու ցեղերի տիրապետության տակ եղած պետության տարածքում ձեւավորված Երեւանի կուսակալության (1502-1747թթ.), Երեւանի խանության (1747-1828թթ.), Հայկական մարզի (1828-1840թթ.), Երեւանի նահանգի (1849-1918թթ.), իսկ ապա 1-ին (1918-1920թթ.), 2-րդ՝ սովետական (1920-1991թթ.) եւ 3-րդ հանրապետությունների օրոք Երեւան քաղաքը մշտապես եղել է թվարկած պետական կազմավորումների մայրաքաղաքը: Երեւանի տեսանելի եւ շոշափելի պատմական անցյալը տեղավորվում է ահա այս 6 դարերի (15-21 դարեր) մեջ:

Դժբախտաբար, 1679թ․ տեղի ունեցած երկրաշարժը եւ դրա ծանր հետեւանքները թույլ չեն տալիս լիարժեք պատկերացում կազմել բուն միջնադարյան քաղաքի կերպարի մասին։ Քաղաքի պատմության այս տարեթիվը հիմք ընդունելով որպես շրջադարձային՝ փաստենք, որ հատուկենտ հուշարձանները չհաշված՝ այսօրվա Երեւանի հիմնական պատմամշակութային շերտերը սկսում են թվագրվել հենց 17-18 դարերից։ Երկրաշարժից հետո վերակառուցված քաղաքի թաղերը, եկեղեցիներն ու մզկիթները մեզ հայտնի առաջին ամբողջական մշակութային շերտն են։ Այս շերտի ոչնչացումը սկսվել է անմիջապես հաջորդ՝ 19-րդ դարից՝ Արեւելյան Հայաստանի Ռուսական կայսրության տիրապետության տակ անցնելու շրջանից: Այսուհետ երեւանցին հաջորդաբար քանդելու է իրեն բաժին հասած նախորդ պատմամշակութային շերտը՝ տեղը կառուցելով նորը, ինչի հիմքում լինելու են արտաքին կենտրոնի՝ մետրոպոլիայի թելադրած քաղաքաշինական գաղափարախոսության պահանջները:

Երեւանի պատմությունն ունի եւս մեկ շրջադարձային տարեթիվ՝ 1924 թվականը, երբ հաստատվեց Ալ․ Թամանյանի առաջին գլխավոր հատակագիծը։ Սա միջնադարյան քաղաքի ավերման եւ նոր, սոցիալիստական քաղաք կառուցելու մեկնարկի տարեթիվն է։ Կարելի է երկար խոսել հաջորդ տասնամյակներում թամանյանական քաղաքի զարգացման եւ ձեւափոխության մասին, սակայն դա հարցի էությունը չի փոխում։ Այս պահին, Երեւանը վերջին երկու հարյուրամյակներում նախ՝ ցարական, ապա՝ սովետական Ռուսաստանի քաղաքաշինական փիլիսոփայությունը կրող քաղաք է, եւ դեռ շարունակում է զարգանալ նույն տրամաբանությամբ:

Մի կողմ թողնելով վերոշարադրյալի անմիջական կապը աշխարհաքաղաքական գործընթացների հետ՝ փաստենք միայն, որ քանի դեռ մենք զբաղված ենք Երեւանին պատկառելի տարիք կարելու գործով եւ հեռավոր անցյալի առասպելաբանական իրողություններն ավելի կարեւոր ենք համարում տեսանելի եւ առարկայական անցյալի գիտակցումից, քաղաքի զարգացման ապագան, ինչպես եւ պետությանը, շարունակում է պահպանել գոյություն ունեցող արտաքին կախվածությունը: Արդեն այսօր Երեւանի փողոցներում եւ հրապարակներում աննկատ չի մնում արեւելյան մշակույթի ազդեցության վերականգնումն ու տարածումը, ինչպես նաեւ՝ հյուսիսային կապիտալի մեծ շրջանառությունը: Այս գործընթացները հայելու պես արտացոլում է ճարտարապետությունը, որը Երեւանին չի դասում ո՛չ աշխարհի հնագույն քաղաքների շարքին, ո՛չ էլ ապշեցնում կամ գոնե տպավորում իր ունեցած հուշարձաններով: