14.10.2017 14:18

Արսեն Գրիգորյան. Ունայնի հերոսը

Արսեն Գրիգորյան. Ունայնի հերոսը

Մեզ պակասում է անհեթեթության զգացումը: Կայքերը գրում են՝ վարչապետի մոտ տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը: Սա անհեթեթ է: Որովհետեւ պայքարողները մարդիկ են, որոնք չունեն վերջին հույսի զգացում: Անհեթեթը ագրեսիա ծնող զգացում է: Որովհետեւ իր միջով հնարավոր է տեսնել ծաղրողին: Ունայնության զգացումն այդպիսին չէ: Ունայնության հայացք ունեցողը «պարաշյուտիստ» է: Նա վերեւից է տեսնում ամեն ինչ: Մեր պայքարողները տարօրինակ մարդիկ են՝ աղքատության վերացման վրա «խաղադրույք» չեն անի, կոռուպցիայի դեմ պայքարի վրա կանեն: Իրենք էլ գիտեն, որ աղքատ երկրներում կոռուպցիան վերջին հույսի քույրն է՝ եղավ՝ եղավ, չեղավ՝ կորած ենք: Իրենք մարդուն չորսկողմանոց անդունդից էս կողմ բերելու ոչ մի ծրագիր չունեն, ոչ մի ճանապարհային քարտեզ չունեն, ավելին, մարդուն տարել կանգնեցրել են չորսկողմանի անդունդի եզրին, որպես գոյության միակ հայացք, ու ասում են՝ կկործանվես, քայլ չանես: Չունեն էս մարդիկ անհեթեթի զգացումը:

Ու դա գուցե վատ չէ: Բայց իրենց պահում են անհեթեթ մարդու պես: Իրենք բառի բուն իմաստով, քաղցկեղի բջիջի նման խցկվել են պետական օրգանիզմի բոլոր առողջ հատվածների մեջ ու խոսում են, ասենք, առողջապահության բարեփոխումներից: Միայն ունայնության զգացումը մեզ կփրկի այս մարդկանցից: Սակայն ունայնի հայացք ունեցողն այն մարդն է, որն անհեթեթը դեմքով գիտի: Նա ամենայն ծիծաղելիի մեջ «կռված տղա» է: Ունայնոտ մարդը կոռուպցիայի դեմ պայքարի մասին լսելիս իրեն զգում է մի համերգում, որտեղ ջութակահարը նվագում է ցախավելի վրա: Նա կարիք չունի կանխատեսելու ցախավելի պրելյուդը, նա նույնիսկ ջութակահարից չի պահանջում ցախավելի փոխարեն ջութակ բռնել ձեռքը, նա խաղի կանոններ չի պահանջում անհեթեթի մեջ: Ունայնոտը գիտի, որ ինքը հակամետ է կյանքին: Որովհետեւ հենց նա լսում է «կոռուպցիա» բառը, ավելի բնական է համարում Նեղոսի՝ լողալու համար արգելված հատվածներում կոկոլրդիլոսների հետ մահացու ընկերակցությունը: Ունայնի զգացում ունեցողը չի ասում՝ մի ծաղրեք ինձ, նա պարզապես չի հասկանում, թե ինչպե՞ս է մարդը պայքարում կոռուպցիայի դեմ, երբ արդեն կոռումպացվելու ռեսուրս էլ չկա: Ունայնի զգացում ունեցողը բոլոր իրերը, բոլոր իրավիճակները, բոլոր կենդանիներին եւ անկենդաններին դեմքով ու նրանց սրտով գիտի, նույնիսկ եթե էդ սիրտը պարզապես չկա: Սակայն ունայնի զգացում ունենալու համար կարեւոր է անհեթեթի զգացումը, որպես ցատկահարթակ:

Անհեթեթը «թատրոնն» է, ունայնը՝ թատրոնից հեռու մի տեղ անտառում ճնճղուկներին լսելն է: Սակայն առանց այդ «թատրոնի»՝ ծլվլոցի հետ «լեզու» չես գտնի: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ոչ մի անդամ չգիտի՝ ինչ է «թատրոնը»: Ինքը խաղացող չէ, բայց հանդիսականներ ունի, ինքը գիտի, որ ապրում է, բայց չգիտի, որ դա կյանքը չէ: Երբ այդ անդամը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից, ոչ մի բառը հասկանալի չէ: Անհեթեթը սա է, հենց ինքը հասկանա, որ դա անհեթեթ է, կմտնի ունայնի մեջ: Ինչու՞ են վարչապետի կարեւորագույն բառերը՝ դրայվ, ռեսթարթ, դավայ, ոչ հայերեն: Որովհետեւ էդ մարդը կյանքից չէ: Հնարավոր չէ ապրել կյանքի հարեւանությամբ: Դու կարող ես ունենալ բոլոր լավագույն գրքերը, կարող ես ծիծաղել ամբողջ աշխարհի վրա, կարող ես բոլոր գործիքներն ունենալ նույնիսկ անմահ լինելու, բայց չլինել կյանքից:

Վարչապետը տեսնում է բոլոր հանդիսականներին, բայց չգիտի, որ «թատրոնի» ամբողջականացման համար հավատ է պետք: Անհեթեթը կարող է ապավինել այդ հավատին, կարող է մուրալ այդ հավատը, բայց ունայնը հավատից վեր է: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում նստած են անհեթեթ մարդիկ, բայց նրանք չունեն անհեթեթի զգացումը: Ի՞նչն էր, ի դեպ, Քաջ Նազարին տարբերում Սասունցի Դավթից՝ Քաջ Նազարն անհեթեթ էր (վերջում, իհարկե, Դոն Կիխոտի նման գտավ իրականությունը), Սասունցի Դավիթն ուներ անհեթեթի զգացում, այդպես էլ Մսրա Մելիքին չհասկացավ: Հերոսություն չէր, երբ ասում էր՝ ով քնած է՝ արթուն կացեք: Դա ասում էր անհեթեթության զգացումից: Մեզ, սակայն, պակասում է ունայնի հերոսը: