14.10.2017 22:49

Անիրական իշխանությունների անիրական տոնը

Անիրական իշխանությունների անիրական տոնը

Գիտե՞ք՝ ինչու Երեւանի տոնն իսկական ու իրական չէ։ Որովհետեւ նրանք, ովքեր հրամցնում են մեզ այդ տոնը՝ իրական չեն։ Չէ, նրանք կան, գոյություն ունեն՝ անկասկած, բայց իրական չեն՝ որպես իշխանություն։ Լեգիտիմ չեն։ Նրանք կապ չունեն ոչ մայրաքաղաքի, ոչ էլ տոնի հետ։ Ու դրա համար էլ ձեռքերն ազատ է նրանց, անում են այն, ինչ ուզում են, պարգեւատրում են նրանց, ում ուզում են, կոպիտ ասած՝ իրենք իրենց ու իրենց շրջապատի անձնական խնդիրներն են լուծում։ Այդպես էլ պիտի լիներ։ Այն, ինչ իրական չէ, այն, ինչ գոյություն չունի՝ չի կարող պատասխանատու լինել։ Պատասխանատվության զգացում ունեն միայն նրանք, ում տրվել է այդ լիազորությունը, եւ ով ստանձնել է այն։ Իսկ գողությամբ պատասխանատու չես դառնա։ Որովհետեւ երբ դու գողանում ես իշխանությունը, քաղաքը, դու հենց այդ իշխանության եւ այդ իշխանությունը պահելու համար ես պատասխանու, եւ ոչ թե քաղաքի ապագայի։ Գեղեցիկ է Երեւանը։ Եւ նույնքան գեղեցիկ պիտի լինի նրան նվիրված ցանկացած տոն, բայց ինչպես մյուս տոները, այնպես էլ այս մեկը դարձել է հիմնականում իշխանության տոնը։

Ոչ այն պատճառով, որ սիրում են Երեւանն, ու իրենք ավելի շատ են տոնում, այլ որովհետեւ սա իրենց համար հերթական առիթն է իրենց իշխանությունն ի ցույց դնելու։ Մարդկանց մեծ մասն էլ անտարբեր է մնում տոնից, որովհետեւ իր էությամբ ոչ մի առնչություն չունի այդ իշխանության հետ, նա նրանց չի ընտրել։ Դրա համար էլ մայրաքաղաքի տոնը վերածվել է մի յուրահատուկ խրախճանքի, որտեղ կան իշխանությունը գողացած անպատասխանատուներ եւ նրանց գովաբանողներ ու զվարճացնողներ։ Եւ բնականաբար՝ ոչ անհատույց։ Իրենք իրենց համար նշում են, իրենք իրենց ուրախացնում, մեր հարկերից ձեւավորված բյուջեն իրենց սրտի ուզածով ծախսում, վերջում էլ՝ իրար պարգեւատրում։ Դե հա, այդ նեղ անձնական տոնում կգտնվեն, անշուշտ, մարդիկ, ովքեր ինչպես ընտրություններին էին հինգ հազար վերցնում, այսօր էլ գնում են իշխանությունների հետ իրենց տոնը կիսելու, բայց նրանք իրականության հետ աղերս չունեն։ Նրանք նույնքան անիրական են, որքան այս իշխանությունները։

Տոնն ախր դա չէ։ Տոնն այն է, երբ այն նշում եւ ուրախանում են քաղաքացիները, սովորական մարդիկ, որտեղ հաճախ մոռացության կարող են մատնվել իշխանությունները, որտեղ այդ իշխանությունները հայտնվում են, լավագույն դեպքում, երկրորդ պլանում, զուտ մարդկանց համար տոն ստեղծողի աշխատակցի դերում։ Երբ գալիս ու սովորական քաղաքացուն ասում են՝ ահա մեր աշխատանքը, եւ ահա մեր աշխատանքի արդյունքը, գնահատեք, ասեք՝ ինչ թերություններ ունենք, ասեք՝ ինչը փոխենք։ Իսկ երբ առաջին, երկրորդ եւ բոլոր պլաններում իշխանություններն են, տոնից բան չի մնում։ Այն դառնում է հերթական անհետաքրքիր պաշտոնական արարողությունը, որտեղ ամեն մեկը սցենարով գրված իր հստակ տեղն ու դերն ունի, եւ որտեղ քաղաքացիները դառնում են ոչ թե տոն նշող ու տոնը վայելող, այլ ֆոն։ Ֆոն, Կառլ, որի վրա իշխանությունները քեֆ-ուրախություն են անում։ Անկախությունից գաղափար չունեցողները չեն կարող առաջնորդնել երկրի անկախության տոնը, նույնկերպ եւ մայրաքաղաքի տոնը չի կառող առաջնորդվել քաղաքի հետ կապ չունեցող մարդկանց կողմից։ Նույնիսկ եթե այդ մարդիկ հենց այդ քաղաքում են ապրում։ Դա էական չէ, որովհետեւ նրանք մյուսների համաքաղաքացին չեն։ Նրանք ամեն ինչին սեփականատիրոջ ու գնահատողի աչքով են նայում, եւ ոչ պահպանողի։ Ու այս ամենի մեջ միակ իրական բանը, որ մնացել է դեռ՝ Երեւանն է, այսինքն, այն, ինչ թողել են Երեւանից։

 

Իշխան Պողոսյան