15.10.2017 11:00

Մատերացցի. Իմ տղան՝ Դավիդեն, միշտ ամեն ինչ հակառակ էր անում

Մատերացցի. Իմ տղան՝ Դավիդեն, միշտ ամեն ինչ հակառակ էր անում

«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացցին պատմել է անցյալի մի նվաստացուցիչ դրվագի մասին, որի մեղավորը դարձել էր իր որդին՝ Դավիդեն, որն աջակցում է «Միլանին»: Նախկին ֆուտբոլիստը խոստովանել է, որ իր երեխայի պատճառով ինքը ծիծաղի առարկա էր դարձել մրցակցի երկրպագուների համար:

«Իմ տղան՝ Դավիդեն, միշտ ամեն ինչ հակառակ էր անում: Բայց այդ անգամ նա չափազանց հեռուն գնաց: Դերբիից մեկ օր առաջ ես հանդիպում ունեի մարզաբազայում, առաջին անգամ պատրաստվում էի գնալ Nike-ի ֆուտբոլային արտ-ցուցադրությանը և տղայիս խնդրեցի ընկերակցել ինձ: Ես մոտեցա դռանը, որ դուրս գամ տնից ու տեսա, որ նա կանգնած է «Միլանի» 23 համարի մարզաշապիկը հագին, մեջքին գրված՝ Մատերացցի: Դա Մասսիմո Ամբրոզինիի նվերն էր: Նրան ուրախացնում էր որդուս գլխում «Միլանին» երկրպագելը մտցնելը:

Ես Դավիդեին խնդրեցի ինձ հետ նման տեսքով դուրս չգալ, բայց նա 6.5 տարեկան էր ու հրաժարվում էր: Ստիպված էի վճռական խաղից մեկ օր առաջ 3 ժամ այդպես քայլել քաղաքով: Այդ կիրակի մենք պայքարում էինք սկուդետտոյի համար:

Դա գիշերային մղձավանջ էր: Ես նրանցից չեմ, ում հեշտ է շփոթեցնելը, բայց այդ ժամանակ ես տառապում էի: Բոլորը մատնացույց էին անում ինձ, շշնջում այն մասին, որ Մատերացցին խելագարվել է: «Միլանի» մի քանի երկրպագուներ ծիծաղում էին ինձ  վրա, իսկ ես ստիպված էի ուղղակի ուսերս թափ տալ: Ես խոսքեր չունեի: Դա խայտառակություն էր», - Մատերացիի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը: