15.10.2017 13:51

Վահան Թումանյան. Իսկ դուք ասում եք...

Վահան Թումանյան. Իսկ դուք ասում եք...

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա եկող երկուշաբթի՝ Ժնեւում: Դա հաստատել են կողմերի արտաքին գործերի նախարարությունները: Բայց հայրենական մաս-մեդիայում չեն դադարում «բանակցություններ՝ բանակցությունների համար», «ամեն ինչ իմիտացիա է» եւ այլ տարօրինակ շեշտադրումներով հրապարակումները: Եւ կարծես այդ տրամադրությունները ցրելու համար էր, որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասաց, որ ԱՊՀ Սոչիի գագաթնաժողովի կուլուարներում ինքը շփումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, երեքով, «երբեմն միմյանց հետ կատակներ անելով» քննարկել են լայն շրջանակի հարցեր: «Քաղաքականության մեջ դա ընդունված է, եթե ինչ-որ հարցեր լուծելու նպատակ է դրված»,- մանրամասնել է Բելառուսի նախագահը: Այս սենսացիոն ինֆորմացիան՝ որ Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ոչ պաշտոնական շփումներ են ունեցել Լուկաշենկոյի միջնորդությամբ, Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական ուժերը, փորձագետները եւ վերլուծաբաններն անուշադրության մատնեցին: Դա նշանակում է, որ Բելառուսի նախագահը խոսել է ճիշտ պահին: Մնում է ենթադրել՝ բացելով Սոչիի գաղտնիքը, նա ունեցե՞լ է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի կամ նրանցից մեկի համաձայնությունը: Ըստ երեւույթին՝ այո: Նպատակը մեկն է՝ Սարգսյանը եւ Ալիեւը միջնորդավորված ձեւով Հայաստանի եւ Ադրբեջանի հանրություններին տեղեկացնում են, որ ՄԱԿ-ի ամբիոնից կամ ԱԳՆ խոսնակների մակարդակով ծավալված «փոխհրաձգությունը» սկզբունքորեն կապ չունի Ղարաբաղի կարգավորման բանակցությունների հետ: Այդ ելույթները միայն քարոզչություն են, իրականում բանակցությունները շարունակվում են նույնիսկ «միմյանց հետ կատակներ անելու» մակարդակում, եւ կան «ինչ-որ հարցեր լուծելու» տարբերակներ: Լուկաշենկոյի բացահայտումը հարված էր հայրենական քաղտեխնոլոգներին, որոնք ջանք չեն խնայում հանրությանը համոզելու, որ Հայաստանն առարկայական բանակցություններ չի վարում Ղարաբաղի հարցով եւ չի վարի այնքան ժամանակ՝ մինչեւ Ադրբեջանը չկատարի Վիեննայում ստանձնած պարտավորությունները: Բացառված չէ, իհարկե, որ այդ հարցը նույնպես արծարծվում է, բայց դրա, այսպես ասած, «արդարացի գինը» Ղարաբաղի կարգավորման հայեցակարգի միաժամանակյա քննարկումն է, ինչի մասին, ի դեպ, Հայաստան-Սփյուռք համաժողովում ասել է Էդվարդ Նալբանդյանը: Անշուշտ, չկա երաշխիք, որ Ժնեւի հանդիպմանը որեւէ առաջընթաց կարձանագրվի, բայց հակառակը պնդելու հիմքեր նույնպես չկան: Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը նույնիսկ անակնկալի է սպասում Ժնեւից:

Իսկ դուք ասում եք, թե բանակցություններ չկան, պարոնա՛յք նժդեհափանջունիականներ։