16.10.2017 10:28

Իրանի հետ միջուկային գործարքը. Աշխարհի առաջնորդներն ընդդեմ Թրամփի

Իրանի հետ միջուկային գործարքը. Աշխարհի առաջնորդներն ընդդեմ Թրամփի

Աշխարհի տերությունները, այդ թվում Միացյալ Նահանգների ամենակարևոր դաշնակիցները, հաստատել են իրենց հավատարմությունն Իրանի միջուկային ծրագրին, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնում է չեղյալ հայտարարել: Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ կոնգրեսին խորհուրդ չի տա այսուհետ հետևել այդ պայմանագրին:

Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարել են, որ Իրանի հետ պայմանագիրը համապատասխանում է  անվտանգության ասպարեզում իրենց ընդհանուր ազգային շահերին: ԵՄ-ի հայտարարության մեջ նշվում է, որ գործող համաձայնագիրը չի կարող չեղարկվել միակողմանիորեն՝ մեկ երկրի որոշմամբ:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ընդգծել է, որ ԱՄՆ-ը հայտնվել է մեկուսացման մեջ:

Ուրբաթ օրն արտասանած բավական կոշտ ճառում Թրամփը Իրանն անվանել է ֆանատիկ ռեժիմ ու հայտարարել, որ Թեհրանը խախտում է պայմանագրի պայմանները: Նա Իրանին մեղադրել է ահաբեկչությունը ֆինանսավորելու համար և առաջարկել նոր պատժամիջոցներ սահմանել նրա դեմ: Մինչդեռ միջազգային դիտորդների կարծիքով՝ Իրանը լիովին պահպանում է համաձայնագիրը: Չինաստանն առայժմ չի արձագանքել Թրամփի ելույթին, սակայն ավելի վաղ Պեկինը նույնպես ԱՄՆ նախագահին կոչ է արել պահպանել պայմանագիրը:

Փոխանցում է BBC-ն: