17.10.2017 10:41

Արսեն Գրիգորյան. Կարաոկե երգողները

Արսեն Գրիգորյան. Կարաոկե երգողները

Խորհրդարանի վերջին ընտրությունները բավականին լպիրշացրել են Հանրապետականին։ Լեւոն Իգիթյանն այդ լպիրշության հաղթահանդեսն է։ Ինչպես նաեւ Մեղրիի 2-րդ դպրոցում ուսուցիչներին ՀՀԿ-ական անդամատոմսերի բաժանումը։ Կամո Արեյանը նույնիսկ հոխորտում է կնոջ վրա՝ ռեխդ փակիր։ Սրանց պատճառներն առանձնապես խորը չեն։

Քաղաքական դաշտում մրցակցության իսպառ բացակայությունն է ՀՀԿ-ին դարձրել այդպիսին։ Նրանք իսկապես չգիտեն, թե ինչը կարող է անհանգստացնել իրենց։ Նրանք մեղավոր չեն։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ձեռքբերումը Գեղամյանի վրա կոշիկ փայլեցնելն է, իսկ «Ծառուկյան» դաշինքում թունդ ընդդիմադիր են... Ադրբեջանին։ Թանկացումները եւ դրանց համար բացատրություն տալու կարիքի բացակայությունը նույնպես այդ լպիրշության շարքից է։ Վազգեն Խաչիկյանի ազատ արձակումը՝ նույնպես։ Էջմիածնում Երկրապահը բացատրական աշխատանքներ է տանում գրադարանների աշխատողների հետ։ Ոչ մեկի մոտ ոչ մի հարց չի առաջանում։

Հայաստանում ներքաղաքական կյանք չկա։ Ներքաղաքական կյանք` նշանակում է ամեն օր լվանալ իշխանության ոսկորները, նույնիսկ եթե լվալու ոսկոր չկա։ Ներքաղաքական կյանք` նշանակում է, որ իշխանությունն ամեն քայլի համար պետք է հաշիվ տա։ Բացատրությունների փոխարեն` բազմակողմանի լաչառություն։ Ընդդիմությունը նույնպես լաչառության երգչախմբի մեջ է։ Մեր լրատվամիջոցները երբեք այսքան ջերմեռանդ չեն եղել ամենամանր թեմաներից գրելու մեջ։ Մամուլը եւ ընդդիմությունն օկուպացրել են ասելիքի բացակայությունը։ Դա ջրի երեսին մնալու նրանց գինն է։ Իսկ ինչի՞ մասին պետք է խոսեին նրանք։ Հատկապես՝ ընդդիմությունը։ Պետք է խոսեին իշխանության լեգիտիմության բացակայության մասին։ Որովհետեւ քաղաքական այլ օրակարգ չկա։ Իշխանության քունը 27 տարվա անկախության ընթացքում երբեք այսքան խաղաղ չի եղել։ Բայց չէ՞ որ 27 տարվա ընթացքում երբեք այսքան վատ չի եղել ամեն ինչ։ 27 տարվա ընթացքում Հայաստանը երբեք առանց քաղաքական ընդդիմության չի մնացել։ Ու ոչ մեկը հայտ չի էլ ներկայացնում։

Կամո Արեյանի բառապաշարը թելադրում է Նիկոլ Փաշինյանը։ Որովհետեւ Նիկոլը Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանի ոչ լեգիտիմությունից չի խոսում։ Եվ ընդդիմադիր գործչին չի սազում հաշվել, թե քանի օր է մնացել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռանալու համար։ Կարելի էր հաշվել միայն այն դեպքում, եթե նա լիներ լեգիտիմ, որը վատ է կառավարում։ Վտանգավոր է, երբ պետությունը դիմադրողականություն է ձեռք բերում ոչ լեգիտիմության հանդեպ։ Վտանգավոր է, որովհետեւ քաղաքական ուժերը դառնում են մեկին առընթեր, որովհետեւ այդպիսի պետությունը չունի այլ թեմա, քան՝ անվտանգությունը եւ կայունությունը, որոնք ապահովելու համար անհրաժեշտ է ոչ թե քաղաքական ընտրովի ղեկավար, այլ՝ փրկիչ, որն անժամկետ է։ Վտանգավոր է, որովհետեւ խաղի կանոնների փոխարեն առաջին ջութակ են դառնում Գագիկ Հարությունյանն ու Տիգրան Մուկուչյանը։

Իսկ այսօր ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Ոչինչ։ Հայաստանը նման է 365 էջանոց գրքի, որի բոլոր էջերը միայն վերնագիր են։ Ընդ որում, այսպիսի Հայաստանն արդեն ունի հեղինակ եւ ոչ մի հերոս, այսինքն` գործող անձինք։ Որովհետեւ ոչ Կամո Արեյանն է գործող անձ, ոչ Մեղրիի 2-րդ դպրոցի տնօրենը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ մամուլը, ոչ Տիգրան Մուկուչյանը, ոչ էլ՝ ընտրողը։ Նրանք կարաոկե երգողներ են, որոնց երգածն ունի հեղինակ, որն Աստծո նման անտեսանելի է, թեպետ չգիտես ինչ հրաշքով բոլորը գիտեն նրա տեղը։ Իսկ երբեւէ լսած կա՞ք, որ կարաոկեում քննարկեն երգվող երգի որակը։