18.10.2017 11:04

ՌԴ ընտրություններ-2018. Կրեմլը որոշել է չգրանցել Նավալնիին

ՌԴ ընտրություններ-2018. Կրեմլը որոշել է չգրանցել Նավալնիին

Ռուսաստանի նախագահի ընտրություններից չորս ամիս առաջ Կրեմլն, ի վերջո, որոշել է, թե ինչպես լուծի ընտրապայքարի գլխավոր ինտրիգը՝ ինչպիսի՞ն կլինեն նախագահ Վլադիմիր Պուտինի մրցակիցները: Մի քանի ամիս տևած ոչ հրապարակային քննարկումներից հետո պաշտոնյաները որոշել են, որ Պուտինի գլխավոր ընդդիմախոսի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունը չի գրանցվի:

Այդ մասին BBC-ի ռուսական ծառայությանը, անունը չհրապարակելու պայմանով՝ հայտնել է նախագահի աշխատակազմից մեկը, ով մասնակցել է սցենարների քննարկմանը, սակայն իրավասու չէ մեկնաբանություններ տալ լրատվամիջոցներին:

Նույն բանը հաստատում է նաև BBC-ի՝ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած մեկ այլ զրուցակից, որը նույնպես իրավասու չէ խոսել պաշտոնապես: Որ ընդդիմադիր քաղաքական գործիչը չի կարող մասնակցել ընտրություններին՝ այդ մասին երեքշաբթի հայտարարել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան:

Պուտինը դեռ չի հայտարարել ընտրություններին իր մասնակցության մասին, սակայն Լևադա կենտրոնի հոկտեմբերին անցկացված հարցման արդյունքներով՝ նա , անվիճելիորեն, թիվ մեկ թեկնածուն է, և նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 64 %-ը: Սակայն Կրեմլն անհանգստացած է ոչ թե Պուտինի հաղթանակի կապակցությամբ, այլ ընտրություններին մասնակցության, քանի որ ռուսաստանցիներին արդեն քիչ են հետաքրքրում կանխատեսելի արդյունքներով ընտրությունները:

Փոխանցում է BBC-ն: