18.10.2017 12:31

Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 1

Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 1

Լույս է տեսել մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հուշագրությունը (Փանոս Թերլեմեզյան, «Կյանքիս հուշերը», Հրատարակչությամբ «Թեքեյան» մշակութային միության, Երևան, 2017): Հուշերի բնագիրը հրատարակության է պատրաստել Երվանդ Տեր-Խաչատուրյանը, որը նաև գրքի առաջաբանի ու ծանոթագրությունների հեղինակն է: 

Փանոս Թերլեմեզյանը, բացի մշակութային գործունեությունից, կյանքի տարբեր ժամանակահատվածներում ներգրավված է եղել նաև ազգային-հասարակական գործունեության մեջ: 1915թ. Պոլսից տեղափոխվել է Վան և մասնակցել է քաղաքի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Որպես ինքնապաշտպանությունը համակարգող մարմնի անդամ` Փանոս Թերլեմեզյանը ականատեսի աչքերով իր հուշերում ներկայացրել է այդ ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ դրվագներ Դաշնակցության գործունեությունից: 

iLur-ը ձեզ է ներկայացնում հատվածներ նկարչի հուշերից:

ԴԵՊԻ ԱԽԱՎԱՆՔ 

Ախավանքը Աղթամարի կղզիի դիմաց ամենամոտ ցամաքն է, որտեղ ծովափի աղբյուրի գլխին շինված էին երկհարկանի տներ, դպրոց, մեծամեծ շտեմարաններ, ախոռներ և. մարագներ: Հասցված էին հաստարմատ ծառերով պտղատու այգիներ, բանջարանոցներ և այլն: Ահա այդ տեղ կոչվում էր Աղթամարա վանքի դրսի տուն կամ Ախավանք, ուր կատարվում էին կաթողիկոսական թեմի բոլոր գործառությունները:

Այնտեղ էր նստում կաթողիկոսական փոխանորդը, որի հսկողության տակ հավաքվում էին թեմի բոլոր եկամուտները: Նույնպես այնտեղ էր ամբարվում 500 ոչխարների և մի քանի տասնյակ մատակների ու կովերի կարագն ու սերը, հարյուրավոր փեթակների տված մեղրը, ընդարձակ հողերի ավետիք ցորենը, տարեկանը, կտավատը, կանեփն և այգիների ու բանջարանոցների հասույթները:

Ոչ ոք չի կարող պնդել, որ այն դարավոր ու կազմակերպված հաստատության բոլոր եկամուտները ամբողջապես ծառայում էին իրենց քրտնաջան աշխատանքով այդ անհատակ շտեմարաններ լեցնող ռամիկ ժողովրդի հոգեկան և մարմնական կարիքներին: Հազիվ այդ հասույթների կեսը ծառայում էր ժողովրդյան օգնության և դպրոցների գործին: Այդ նրա համար, որ մեր կրոնն ու հոգևորականությունը մշտապես եղած են հենարան զորբաներին և շահագործողներին, որով իրենց հերթին կրոնավորներն էլ վերածվել էին աշխատավորության հաշվին ապրող պարազիտների, որք իբր թե մեր հոգու փրկության համար կաղոթեին: Նրանք այդ հեքիաթներով էին թմրեցնում ժողովրդի գիտակցությունը և իրենք լափում էին այդ հարստության մեծ մասը:

Կացությունն այդ էր, երբ 1904-ին Դաշնակցության «հերոս» Ւշխանը իր խումբով գիշեր ժամանակ խուժում է այդ հաստատությունը (ինչպես վերը խոսած եմ), սպանում է կաթողիկոսի փոխանորդ Արսեն վարդապետին, նրա գրագրին ու գրագրի տասներկու տարեկան զավակին և գրավում է այդ բոլոր ազգային հարստությունները։ Հետո կղզին մտնելով կողոպտում է նախնիքներից մնացած արծաթյա և ոսկյա զարդերը, որոնց մեջ թանկարժեք քանդակներով շատ իրեր կային և քանդակազարդ տասներկու հատ ոսկյա և փղոսկրյա կաթողիկոսական գավազաններ, որոնք, Վան փոխադրելով, Դաշնակցության կոմիտեն հանձնում է Կռկե Տիգրան կոչեցյալ ոսկերչին արծաթյա և ոսկյա իրերը հալեցնելու և. նրանց արժեքներով չաղացնելու իրենց տղերքին: Այս մի պերճախոս նմուշ էր դաշնակցական հակահեղափոխական բանդիտային գործունեության:

1914-ի ամռան կուսակալ Թահսին բեյի հանձնարարականով մտա Ոստան և գայմագամին տեսնելուց հետո ճամփաս շարունակելով նույն երեկոյան հասա Ախավանք: Այդ հաստատությունը դաշնակցությունից (կողմից - խմբ.) արյունահեղությամբ գրավվելուց հետո, հին բոլոր պաշտոնյաները պահված էին իբրև, դաշնակցության գործակալներ, որոնց ռոճիկները սակայն վանքն էր պարտավոր վճարել։

Այնտեղ էին նոր տերերին համակերպվող երկու վարդապետներ՝ Եզնիկ և Դանիել (էջ 295-296):

Շարունակելի