18.10.2017 14:34

Հավայան կղզիներում դատավորը կասեցրել է Թրամփի միգրացիոն հրամանագիրը

Հավայան կղզիներում դատավորը կասեցրել է Թրամփի միգրացիոն հրամանագիրը

Հավայան կղզիներում պաշտոնավարող դատավորը կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի գործողությունը, որով արգելվում էր մուտքն ԱՄՆ ութ երկրներից, այդ թվում՝ վեցը գերազանցապես մուսուլմանական: Հրամանագիրը պետք է սկսեր գործել չորեքշաբթի:

Սեպտեմբերին արձակված հրամանագիրը տարածվում է Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Չադի, Հյուսիսային Կորեայի քաղաքացիների և Վենեսուելայի առանձին պաշտոնատար անձանց վրա: Հյուսիսային Կորեայի և Վենեսուելայի մասով դատավորը հրամանագիրն ուժի մեջ է թողել:

Նախագահ Օբամայի նշանակած դատավորը՝ Դերիկ Ուոթսոնը, իր որոշումը հիմնավորել է նրանով, որ նոր հրամանագրում պահպանվել են օրենքի բոլոր այն խախտումները, որոնք ինքը  նկատել էր հրամանագրի նախորդ՝ մարտին հրապարակված տարբերակում: Այդ հրամանագիրը նույնպես նա արգելափակել էր:

Դատավորի կարծիքով՝ մուտքի արգելքն առնչվում է 150 միլիոն մարդու՝ վեց երկրներից, և հակասում է Միացյալ Նահանգների շահերին:

Փոխանցում է BBC-ն: