18.10.2017 16:28

Առաքել Թավրիզյան. Ժնեւը՝ Ստեփանակերտի աչքերով

Առաքել Թավրիզյան. Ժնեւը՝ Ստեփանակերտի աչքերով

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ժնեւում հանդիպումից հետո Ղարաբաղի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, ըստ էության, մի միտք է առանձնանում՝ բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտությունը:

Ի՞նչ են Ստեփանակերտում տեսել Սարգսյան-Ալիեւ հանդիպման կուլիսներում, որ շտապել են հիշեցնել, որ առանց Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել վերջնական կարգավորման: Իշխանությանը մոտ լրատվամիջոցների հրապարակումների մեծ մասը Ժնեւի մասին խոսում է որպես «բանակցություններ՝ հանուն բանակցությունների»: Դժվար չէ ենթադրել, թե դա ինչ նպատակով է արվում: Բայց Ղարաբաղում, կարծես, այդ քարոզչությանը հավատ չեն ընծայում եւ կասկածներ ունեն, որ Ժնեւում Սարգսյանը եւ Ալիեւը քննարկել են կարգավորման ինչ-որ պլան, որից իրենք տեղյակ չեն:

Հակառակ դեպքում Ղարաբաղի ԱԳՆ-ն կբավարարվեր ընդհանուր բնույթի ձեւակերպումներով: Հայտարարության վերջում, մինչդեռ, բավական աներկմիտ տոնով ասվում է, որ Ղարաբաղը ոչ թե վերջին պահին, այլ բանակցությունների բոլոր փուլերում պետք է լինի կարգավորման գործընթացի մասնակից: Ժնեւի հանդիպումից առաջ Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալել էր Ղարաբաղի արտգործնախարարին: Ժնեւից հետո նրանք կրկին կհանդիպե՞ն: