20.10.2017 10:45

Իտալիայում ֆուտբոլիստը որակազրկվել է երկրպագուների ուղղությամբ միզելու համար

Իտալիայում ֆուտբոլիստը որակազրկվել է երկրպագուների ուղղությամբ միզելու համար

Իտալիայի առաջնությունում ֆուտբոլիստին որակազրկել են խաղի ժամանակ մրցակցի երկրպագուների ուղղությամբ միզելու համար: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: 

Միջադեպը տեղի է ունեցել իտալական D Seria-ում` «Տուրրիս» և «Սարնեսե» թիմերի միջև խաղի ժամանակ: Կիսապաշտպան Ջովանի Լիբերտին միզել է հյուրերի երկրպագուների ուղղությամբ ու անհարգալից ժեստեր ցուցադրել: Արդյունքում կարգապահական կոմիտեն նրան որակազրկել է 5 խաղով: 

«Տուրրիսի» ղեկավարությունը մտադիր է բողոքարկել այդ որոշումը, իսկ ակումբի նախագահ Անտոնիո Կոլանտոնիոն հայտարարություն է արել. 

«Դա անարդար որոշում է: Մեր ֆուտբոլիստը նման բան չի արել: Նախավարժանքի գոտում պատի վրա ցայտաղբյուր կա: Ֆուտբոլիստը պատրաստվում էր դուրս գալ խաղադաշտ ու պարզապես ջուր է խմել և ուղղել մարզաշապիկը: Իսկ կարգապահական կոմիտեն հիմնվում է մրցավարի օգնականի արձանագրությունների վրա, որը խաղադաշտի մյուս կողմում է գտնվում: 

Հյուրերը նույնպես հաստատել են, որ մեր խաղացողը ոչ մի վատ բան չի արել: Ես հիասթափված եմ մրցավարների որոշումից ու բողոքարկում կներկայացնեմ», - ասել է Կոլանտոնիոն: