20.10.2017 11:19

Քսենյա Սոբչակ՝ «թեկնածու՝ ոչ թե բոլորի դեմ, այլ ոչ բոլորի համար»

Քսենյա Սոբչակ՝ «թեկնածու՝ ոչ թե բոլորի դեմ, այլ ոչ բոլորի համար»

Հեռուստալրագրող Քսենյա Սոբչակի հայտարարությունը՝ 2018 թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, լայն քննարկման առարկա է դարձել լրատվամիջոցներում: Եթե ռուսաստանյան Առաջին ալիքը և НТВ-ն միայն թռուցիկ են անդրադարձել այդ լուրին, ապա հինգշաբթի ցերեկը Россия 24 հեռուստատեսությունն արդեն չորս րոպեանոց ռեպորտաժ է հատկացրել Սոբչակի կենսագրությանը և ներկայացնելով Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հարցվածների երկու երրորդը հիմնականում բացասաբար է վերաբերվում Սոբչակի առաջադրմանը՝ նշում է. «Այդ տեսակետից կարելի ասել, որ ավելի ճիշտ կլինի նրան անվանել ոչ թե թեկնածու՝ բոլորի դեմ, այլ թեկնածու՝ ոչ բոլորի համար»:

Անգլիալեզու RT հեռուստատեսությունը Սոբչակին ներկայացրել է որպես «հանրահայտ հանգստավայրերի մշտական այցելու», «Պուտինի դաստիարակի դուստր» և զանազան երեկույթների ակտիվ մասնակից, որը վերածվել է ընդդիմադիր գործչի, նաև չմոռանալով հիշեցնել, որ նա լուսանկարվել է Playboy ամսագրի համար և երբեք «միանշանակ հարաբերություններ չի ունեցել ռուսաստանյան լսարանի հետ»:

Ռուսաստանի զինված ուժերի «Звезда» հեռուստաալիքն ավելի ազատ արտահայտություններ է թույլ տվել: «Շոուվումանը, որ մի ժամանակ ռուսաստանցի երիտասարդ հեռուստալսարանի առջև լայնորեն բացել էր (դադար) պարկեշտության վերաբերյալ պատկերացումների շրջանակը, վերջերս մայր է դարձել: ...Առայժմ տեղեկություն չկա, թե արդյո՞ք Քսենյան մտածել է այն մասին, թե ինչ կլինի, եթե հանկարծ ինքն ընտրվի: Բա որ հանկարծ հաղթի նախագահական ընտրապայքարում, ի՞նչ կլինի: Այդ մասին սարսափելի է անգամ մտածել», - հավելել է հաղորդավարը:

Քսենյա Սոբչակը նախագահական ընտրապայքարին մասնակցելու իր որոշման մասին մանրամասն կխոսի հոկտեմբերի 24-ին նշանակված մամուլի ասուլիսում:

Փոխանցում է BBC-ն: