20.10.2017 11:34

Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 3

Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 3

Լույս է տեսել մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հուշագրությունը (Փանոս Թերլեմեզյան, «Կյանքիս հուշերը», հրատարակչությամբ «Թեքեյան» մշակութային միության, Երևան, 2017): Հուշերի բնագիրը հրատարակության է պատրաստել Երվանդ Տեր-Խաչատուրյանը, որը նաև գրքի առաջաբանի ու ծանոթագրությունների հեղինակն է:

Փանոս Թերլեմեզյանը, բացի մշակութային գործունեությունից, կյանքի տարբեր ժամանակահատվածներում ներգրավված է եղել նաև ազգային-հասարակական գործունեության մեջ: 1915թ. Պոլսից տեղափոխվել է Վան և մասնակցել է քաղաքի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Որպես ինքնապաշտպանությունը համակարգող մարմնի անդամ` Փանոս Թերլեմեզյանը ականատեսի աչքերով իր հուշերում ներկայացրել է այդ ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ դրվագներ Դաշնակցության գործունեությունից: 

iLur-ը ձեզ է ներկայացնում հատվածներ նկարչի հուշերից:

ՎԱՆԻ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպական պատերազմը և թյուրքական րնդհանուր զորահավաքը բնականորեն ուժեղ ազդեցություն արած էին նաև քաղաքի կյանքի վրա: Առևտրի կենտրոն շուկան` Քաղաքամեջն էր, իսկ բոլոր այգեստանցի հայերը շուկան գնալու համար, մինիմում մի ժամ պիտի անցնեին թյուրքական թաղերի միջով։ Հատկապես զգուշության համար խանութպանների երկու երրորդը հազիվ հաճախում էր շուկան, ու հաճախողներն էլ շուտ էին փակում իրենց խանութը, որպեսզի արևով իրենց տները վերադառնան, ուր մայր մտնելուն պես բոլոր երթևեկությունը դադարում էր: Ես տակավին Ախավանք էի, երբ լսեցի, որ զինվոր տարած քրդերը ընդհանրապես փախչում էին բանակից։ Վանում ես իմացա, որ հայերն էլ դասալիք են լինում։

Այգեստանում պտտող թյուրք զինվորական պահակախմբեր դասալիք հայ զինվորներին հետապնդելիս երկուստեք հրացանաձգություններ էին կատարվում փողոցների մեջ։ Ժողովուրդը անհանգիստ էր և վստահությունը խախտված։ Ահա այդ օրերին Դաշնակցության Վանի լիդեր Արամ «փաշան», հավանաբար ի նկատի առնելով իրենց և երիտասարդ թյուրք կուսակցության մեջ եղած դաշինքը, զուռնայով և նաղարայով հավաքեց մոտ 300-ի չափ զինվորացուներ և տարավ հանձնեց կուսակալին, վստահություն և բարեկամություն վերականգնելու նպատակով։ Բայց ու՞մն էր խաբում Արամը, չէ՞ որ դեռ 1913 թվի գարնան Դաշնակցության լիդեր Զավրիևն էր Հայաստանի բարենորոգման ծրագիր ներկայացնում ցարի Պոլսո դեսպան պ. Կիրսին և նրա հետ միասին գործում, առ ոչինչ համարելով թյուրքերին, հույս դրած Եվրոպայի վրա։ Նույն դեսպանն էլ իր կառավարության անունով Հայկական ռեֆորմների պահանջ էր դնում այնպիսի ձևով, որի վերջին ֆազը լիներ ռուսական տիրապետություն։ Չէ՞ որ թյուրքերը չափազանց լավ ծանոթ լինելով դաշնակների գործունեության, արդեն սառած և իրենց բարեկամությունն էլ թշնամության էր փոխված։ Ուրեմն Արամի վարմունքը զուտ ինքնախաբեություն էր և ուրիշ ոչինչ։

Կացությունն այս էր, երբ այդ օրերին թրքական կայսրության արևելյան սահմանների ընդհանուր կոմիսար և բանակների հրահանգիչ Նաջի բեյը Վան եկավ: Նա արդեն որոշ չափով մասնակցած էր Դաշնակցության Կարնո ընդհանուր ժողովի որոշումներին:

Ես իհարկե հետո իմացա, որ Նաջի բեյը Վանումն էլ դաշնակցական շեֆերին ժողովի էր հրավիրած: Այդ շեֆերը խոստացել էին Նաջի բեյին, որ անմիջապես իրենցից մեկ և կամ երկու մարդու ուղարկեն Պարսկաստան, կամավորական բանակները հետ կասեցնելու համար: Նաջի բեյը Վանում իր գործը կատարած լինելով ինքը մեկնած էր պարսկական սահմանագլուխը գտնվող թրքական բանակը (էջ 315-316):

Շարունակելի

Սկիզբը` տես Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 1, Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 2