20.10.2017 16:25

Արսեն Գրիգորյան. Երբ մեռնում եմ ես...

Արսեն Գրիգորյան. Երբ մեռնում եմ ես...

Գալուստ Սահակյանը դառնում է սահմանադրական համախտանիշ: Նա էր, չէ՞, ասել՝ Ազգային ժողովի ամբիոնը մի քաղաքականացրեք: Այսօր բացարձակապես ոչինչ չի քաղաքականացվում: Մամուլը պարզապես լցված է ամեն ինչով եւ ավելի շատ նման է մի աղբանոցի, որը դատարկ է, մինչդեռ ամբողջ աղբը թափած է դրա շուրջը:

Ես չգիտեմ, թե ինչ են առաջարկելու Հայաստանի քաղաքացուն՝ քաղաքականությունից դուրս թողնելու փոխարեն: Այսպիսի Հայաստանը դեռ շատ ջուր կքաշի բառի կեղտաջուր իմաստով: Պետք է հիշել, որ քաղաքականությունից քաղաքացու դուրս մնալու մեղքը ծանրացած է մամուլի վրա: Քաղաքացին, իհարկե, այնպես չէ, որ վերջին 10 տարում դիմադրում էր իրեն քաղաքականությունից դուրս մղելու իշխանության ճիգերին, բայց ինքն այսպես թե այնպես տեսնում էր, որ, դիցուք, խորհրդարանում ունի պատվիրակներ, որոնք իր անունից խոսում են քաղաքական մարտահրավերներից: Քաղաքացին այն ժամանակ էլ չգիտեր, թե ինչ է նշանակում լինել քաղաքականության մեջ, քաղաքականության մասնակից: Չգիտեր, բայց ինքը ողնաշարով դերակատար էր զգում իրեն, ինչպես ընթերցողն է զգում հեղինակին:

Ի՞նչ է քաղաքականությունը: Քաղաքականությունը կա նաեւ առանց քաղաքացու: Ինչպես ստեղծագործությունը կա առանց ընթերցողի: Ինչպես ծառը կա անտառում: Բնության մեջ, սակայն, ոչինչ չկա առանց ողնաշար լինելու: Այսինքն, չկա մի բան, առանց որի կարող է տեղի ունենալ որեւէ այլ բան: Դա նույնն է, որ շախմատը լինի, խաղացողները չլինեն: Քաղաքականությունը կա անկախ ամեն ինչից: Ինչպես Սահմանադրությունը: Դու ամեն օր չես դիտարկում Սահմանադրությունը քո արարքներում, սակայն զգում ես, որ քեզ վրա տարածվում է նաեւ ուրիշի արարքներով: Քո պաշտպանվածությունը սահմանված է ի սկզբանե: Երբ ինչ-որ մեկը շեղում է թույլ տալիս, քո ներսում ահազանգ է բարձրանում, դիմադրողականությունդ հակազդում է: Պետական ինստիտուտներն անցնում են գործի: Դու գիտես, որ պաշտպանված ես ոչ միայն Սահմանադրություն ունեցողի զգացողությամբ, այլեւ՝ պետական ինստիտուտների:

Ահա, ուրեմն, քաղաքականությունն այդպիսի բան է: Նրա բացակայությունը պետք է քեզ օտարի քեզնից, նրա բացակայությամբ մարդը պատեպատ է խփվում: Ոչ թե դու քեզ զգում ես Ալիեւ-Սարգսյան պայմանավորվածությունների ծիրի մեջ, այլեւ զգում ես, որ եթե նույնիսկ ոչինչ չեն պայմանավորվել, դու գիտես, թե որտեղ ես այդ պայմանավորվածությունների բացակայության մեջ, հասկանում ես, որ աշխարհը, հետեւաբար՝ դու, դրանով չեք ավարտվում: Որովհետեւ չկայացած պայմանավորվածությունն արդեն պայմանավորվածություն է, եւ դրա մեջ կա նաեւ քո դերը:

Քաղաքականությունն այնքան նուրբ գոյություն է, որ ավելի հաճախ դու միայն կաս, շատ բան կարծես թե տեղի է ունենում առանց քեզ, դու քեզ ոչնչում չես տեսնում: Սակայն էականը զգացողությունն է, քաղաքականությանը դու մասնակցում ես զգացողությամբ: Իսկ զգացողությունն ինչպե՞ս է ձեւավորվում՝ ընտրություններին քո ձայնի գիտակցությամբ: Եթե դու ընտրություններում չկաս, չկաս նաեւ քաղաքականության մեջ: Եթե դու փող ես վերցրել ընտրություններին, դարձյալ չկաս քաղաքականության մեջ, ավելին, քաղաքականությունն ինքը չկա այդ դեպքում: Նույնիսկ եթե պետության մեջ եղանակ ստեղծողը քրեական հեղինակությունները, օլիգարխները եւ կեղծարարներն են, - քանզի նրանք նույնպես իրենց հաշիվներն ունեն, - քաղաքականության մեջ քո դերակատարումն այն ողնաշարն է, որը նրանց զերծ է պահում պետությունը հոշոտելուց:

Հայաստանում առանձին վերցրած ոչ ոք քաղաքական ներկայություն չէ: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանից սկսած: Դա ամենավտանգավորն է՝ երբ Սերժ Սարգսյանը՝ որպես քաղաքական դեմք, պետության մեջ նույնն է, ինչ՝ ես: Ինչու՞: Որովհետեւ մեզանից ոչ մեկը քվեի ներկայացուցիչ չէ: Իբրեւ ողնաշար՝ քաղաքականությունն իրեն հյուսում է իմ քվեով: Իսկ իմ քվեն չկա: Իմ քվեն չկա նույնիսկ իմ գոյության մեջ: Ահա այսպես է մեռնում քաղաքականությունը, երբ մեռնում եմ ես, ու վրաս խաբար չկա: