20.10.2017 19:27

Տարանտինոն Վայնշթայնի մասին «շատ բան գիտեր», բայց լռում էր

Տարանտինոն Վայնշթայնի մասին «շատ բան գիտեր», բայց լռում էր
AFP

Ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն, որը սերտորեն համագործակցել է վերջերս սկանդալային համբավ վաստակած պրոդյուսեր Հարվի Վայնշթայնի հետ, խոստովանել է, որ երկար տարիներ տեղյակ է եղել կանանց նկատմամբ նրա վերաբերմունքի մասին:

«Ես բավական շատ բան եմ իմացել՝ անելու համար ավելին, քան ես արել եմ», - ասել է Տարանտինոն The New York Times-ի հետ հարցազրույցում:

«Դա ավելին էր, քան ասեկոսեները: Դա այն չէ, որ ես լսել եմ ուրիշներից: Մի երկու դեպքի մասին ես հաստատ գիտեի», - ասել է Տարանտինոն՝ ափսոսանք հայտնելով, որ պատասխանատվություն չի վերցրել իր վրա եւ գործուն քայլերի չի դիմել այն ժամանակ:

Լոս Անջելեսի ոստիկանությունը քննում է Վայնշթայնի դեմ հարուցված՝ սեռական բռնության դեպքերով մեղադրանքները: Վերջին շրջանում Հոլիվուդի մի շարք կին աստղեր հայտարարել են, որ Վայնշթայնը իրենց «գործերը դասավորելու» դիմաց սեռական հարաբերություններ է պահանջել: Ինքը՝ պրոդյուսերը, կտրականապես հերքում է որեւէ հարաբերություն առանց կողմերից մեկի համաձայնության: